Հուլիսի 21. Հայ վրիժառուները Թիֆլիսում սպանեցին Ջեմալ փաշային
Նմանատիպ
«1922թ-ի հուլիսի 21-ի երեկոյան ժամը 10-ին Պետրոս Մեծի փողոցում, Եկմալովսկայա և Ժուկովսկայա փողոցների միջև, այդ պահին անհայտ անձանց ձեռքով տեղի է ունեցել Ջեմալ փաշայի, Նուսրետ բեյի, և փաշայի համհարզ Սուրսիա բեյի սպանությունը…
Դատավճիռները ի կատար էին ածվել հետևյալ պայմաններում. Ջեմալ փաշան քայլել է Նուսրետ բեյի հետ թևանցուկ, իսկ համհարզը` միայնակ, մի փոքր առաջ ընկած: Ժուկովսկյան փողոցի անկյան դիմաց «անհայտ անձինք» (ըստ մի քանի ցուցմունքների նրանք երկուսն են եղել), հանկարծ հայտնվելով, կրակահերթ են բացել՝ հավանաբար ինքնաձիգ ատրճանակներից: Ջեմալ Փաշան և Նուսրետ բեյը սպանված ընկել են հենց այնտեղ, որտեղով անցնում էին: Համհարզ Սուրսիա բեյը վազել է դեպի Սոլոլակի, սակայն 50 քայլ էլ չանցած թիկունքին փամփուշտով խոցվելով՝ վայր ընկել»։
Վրացական մամուլի գլխագրերն այդ օրերին Ահմեդ Ջեմալ փաշայի սպանության մասին էին: Ըստ իրավապահների՝ սպանությունն իրականացրել են երկու, բայց իրականում՝ երեք հոգի: Ջեմալի ոչնչացումը Թիֆլիսում իրականացրել են հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
Օսմանյան կայսրության ռազմածովային նախարարը, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ու իրականացնող Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում, հայ վրիժառուները ոչնչացրել են Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցում, որն այժմ Ինգորոկվա փողոցն է, որտեղ էլ գտնվում է կառավարության շենքը: 2010-ի ապրիլի 5-ին Ինգորոկվա-Չայկովսկի հատման շենքի վրա՝ նախկին պետխորհրդական Անտոն Կորխանյանին պատկանող տան ճակատին, տեղադրվել է Ջեմալ փաշայի հուշատախտակը, որն օրեր անց՝ ապրիլի 17-ին, հայ համայնքի շնորհիվ հանվեց:
Թբիլիսիում հիմա էլ քիչ չեն մարդիկ, որոնք սերնդեսերունդ փոխանցված պատմություններով լսել են Ջեմալի ոչնչացման մասին: Հայասպան թշնամին երբեք պիտի հանգիստ չունենա: Ի վերջո հատուցման ժամը գալիս է. հայը երկար ժամանակ ծնկած ու ընկճված մնացող տեսակ չէ:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում