Պետք է նախ 120.000 մարդու սովից փրկել, ապա բանակցել բոլորի հետ. Միրզոյանը՝ DerStandard-ին

Պետք է նախ 120.000 մարդու սովից փրկել, ապա բանակցել բոլորի հետ. Միրզոյանը՝ DerStandard-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե որն է տևական խաղաղության նախապայմանը:

«Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը, սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում. Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում, Արարտ Միրզոյանն ասել է. «Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում