Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը
Նմանատիպ
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, փաստաթղթում նշված է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը Հայաստանի Հանրապետության այն ծրագիրն է, որի իրականացմամբ Հայաստանն իրացնելու է միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա իր ուրույն դիրքը զբաղեցնելու հավակնությունը:
«Այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունը կազմակերպվելու է՝ անմիջականորեն լծորդվելով հետազոտություններին՝ այդպիսով ապահովելով գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում», – նշված է նախագծում։
Ինչպես հավաստիացնում են Կառավարությունից, Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` «խարսխվելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքների վրա՝ այսպիսով ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին»:
Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը: Ակադեմիական քաղաքը հանդիսանալու է միջգիտակարգային, միջմշակութային, միջազգային շփումների հարթակ, ինչը հանգեցնելու է թե՛ գիտակրթական, թե՛ սոցիալական նորարությունների, նշված է հանրային քննարկման դրված փաստաթղթի նախագծի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում