«Բարբի»՝ վարդագույն, պլաստմասսե երազանք

«Բարբի»՝ վարդագույն, պլաստմասսե երազանք

Նվաճելով խաղալիքների, մուլտֆիլմերի, գրքերի և տեսախաղերի շուկան՝ պաշտամունքային կերպարը վերջապես ճանապարհ ընկավ դեպի Հոլիվուդ և ստացավ իր ֆիլմը։

«Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ հուլիսի 19-ին, իսկ ԱՄՆ-ում և աշխարհի շատ երկրներում՝ հուլիսի 20-21-ին։

Հեռուստադիտողները ֆիլմի պրեմիերային էին սպասում ոչ միայն գունավոր, անիրական, հմայիչ պատկերների, ռիթմիկ երաժշտության համար, այլև գլխավոր և երկրորդական դերակատարների։

Բարբիի դերում հանդես է եկել  Մարգո Ռոբին, որը կինոմաններին հայտնի է «Ուոլ Սթրիթի գայլը», «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմերից, իսկ Քենի դերը բաժին է հասել Ռայան Գոսլինգին («Լա-Լա Լենդ», «Շեղբի վրայով վազողը – 2049»):

«Barbie»՝ մանկական խաղալի՞ք, թե՞ անիրական երազանք

Mattel ընկերությունը առաջին Barbie տիկնիկը գնորդներին է ներկայացրել 1959 թվականին։ Այդ պահից սկսած այն գրավել է միլիոնավոր երեխաների ու մեծահասակների, թելադրել ճաշակ և գեղեցկության նոր ստանդարտներ։

 

Շիկահեր և բարեկազմ․ այս էր գեղեցկության նոր չափանիշը։ Նույնը վերաբերում է Քենին․ միշտ արևայրուքով և ատլետիկ մարզավիճակում։

Տարիներ շարունակ երեխաները մեծացել են այն մտքով, որ կատարյալ տեսքը պետք է համապատասխանի պլաստմասսե տիկնիկների ստանդարտներին: Դա ահռելի ազդեցություն ունեցավ սերունդների վրա․ սկսած սեփական արտաքինը չընդունելուց, մինչև պլաստիկ վիրահատություններ։

Ո՞ւմ համար է նախատեսված «Barbie» ֆիլմը

Չնայած վարդագույնի առատությանը, «Բարբի» ֆիլմը տարիքային սահմանափակում ունի՝ խորհուրդ է տրվում դիտել 13 տարեկանից։ Պատճառը բարդ սյուժեն ու կոպիտ բառապաշարն է։

«Ապրել Barbie աշխարհում, նշանակում է լինել կատարյալ էակ կատարյալ վայրում: Իսկ ինչպե՞ս անել, եթե էքզիստենցիալ ճգնաժամի մեջ ես»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:

Տիկնիկների «վարդագույն» աշխարհում բոլորին Բարբի և Քեն են անվանում։ Բարբին (Մարգոտ Ռոբի) Բարբիլենդի բոլոր տիկնիկներից ամենահայտնին է: Հանկարծ նա սկսում է էկզիստենցիալ ճգնաժամ ապրել և որոշում է գնալ մարդկանց աշխարհ՝ իրեն հասկանալու և իր իրական կոչումը պարզելու համար։ Նրա ընկեր Քենը (Ռայան Գոսլինգ) ճանապարհորդում է նրա հետ, քանի որ Քենի գոյությունն առանց Բարբիի անիմաստ է: Երկուսն էլ բացահայտում են իրական աշխարհի դաժան ճշմարտությունները և նոր ընկերներ են ձեռք բերում այդ ճանապարհին:

Ինչու՞ է անհրաժեշտ «Barbie» ֆիլմը

Ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը հրաշալի գիտակցում էր պլաստմասսե տիկնիկներ հսկայական ազդեցությունը։ Ֆիլմը ուղղված է բոլորին՝ նպատակ ունենալով հերոսների միջոցով սովորեցնել ընդունել սեփական արտաքինը, ազատվել հասարակության կողմից պարտադրված պահանջներին համապատասխանելու ցանկությունից, գտնել հոգեկան ներդաշնակություն:

Ֆիլմի դիտումը, ըստ Գերվինգի, կստիպի մտածել վերոնշյալ հարցերի շուրջ։

Անշուշտ, թրենդային դարձած երևույթները մեծ ազդեցություն են թողնում, իսկ հաշվի առնելով «Barbie» ֆիլմի առաջացրած աժիոտաժը, այն գուցեև կարողանա հասնել առաջադրված նպատակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում