Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։

Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Կապալառուի ընտրության մրցույթը պայմանագրի ստորագրման փուլում է: Պայմանագրի նախագիծը ենթադրում է, որ այն ուժի մեջ կմտնի ֆինանսական միջոցների հատկացման դեպքում:

Նախագծանախահաշվային փաստաթղթերով` շինարարական աշխատանքների տևողությունը կկազմի 16 ամիս՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած:

Ինչ վերաբերում է նախագծի արժեքին` ըստ նախագծային փաստաթղթերի` շինարարական աշխատանքների, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողության համար կպահանջվի շուրջ 384,7 մլն դրամ, որից 378 միլիոնը շինարարական աշխատանքների, մոտ 5 միլիոնը տեխնիկական հսկողության, 1,5 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար։

Ֆինանսավորման աղբյուրի մասին հարցին նախարարությունից պատասխանել են, որ «ներկայում համապատասխան քննարկումներ են ընթանում»:

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Արաքսի հունը փոխած ավազահանք շահագործողները կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից։ Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում