ՀՀ–ն կոնտեյներային նավ է գործարկել Վրաստանի և Ռուսաստանի միջև
Նմանատիպ
Sputnik Արմենիայի հաղորդմամբ, հայկական «C&M International» տրանսպորտային ընկերությունը Բաթումի և Նովոռոսիյսկի միջև կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Հայաստանից Ռուսաստան բեռների փոխադրման ամբողջ մուլտիմոդալ գործընթացում ծովային փոխադրումը սուբսիդավորում է երկրի ղեկավարությունը, ասել է կազմակերպության տնօրեն Դավիթ Իլոյանը։
Այս ընկերությունը ընթացիկ տարվա ապրիլին հաջողությամբ փորձնական բեռնափոխադրումներ է իրականացրել ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի վրացական Բաթում նավահանգիստ և հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակից ի վեր նշված երթուղով փոխադրումները դարձել են կանոնավոր։
«Մենք կանոնավոր ուղերթեր ենք իրականացնում շաբաթական մեկ անգամ։ Բեռների անվանացանկն ընդլայնվում է, շատերն արդեն հասկանում են այս երթուղու առավելությունները, գործընթացը կայուն ընթացք ունի։ Շատ հայտեր կան օգոստոսի և սեպտեմբերի համար»,- ասել է Իլոյանը։
Նրա խոսքով՝ երթուղին ևս մեկ ճանապարհ է, որը թույլ է տալիս բեռնաթափել Վերին Լարսի անցակետը, ինչպես նաև այլընտրանքային երթուղի ընտրելու հնարավորություն է տալիս փոխադրողներին։
Իլոյանն ընդգծել է, որ երթուղին կլինի շահավետ տարբերակ։ Նավի վարձակալությունը փոխադրողների համար անվճար է, քանի որ ծովային ճանապարհը սուբսիդավորում է պետությունը։ Բեռնափոխադրողները վճարում են միայն Հայաստանից Բաթում և Նովոռոսիյսկից ՌԴ այլ քաղաքներ ցամաքային փոխադրման համար:
«Ցամաքային բեռնափոխադրումների արժեքը կախված է քաշից, բեռի տեսակից։ Միասնական թիվ չկա, յուրաքանչյուր բեռ անհատական է»,- ասել է Իլոյանը։
Այժմ այս ճանապարհը հիմնականում օգտագործվում է արդյունաբերական բեռների տեղափոխման համար, սակայն լինում է նաև սննդամթերք, խմիչք։ Վերջերս հայտեր են լինում նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների փոխադրման համար։
Նավը նախատեսված է 520 TEU-ի համար, այսինքն՝ 20 ոտնաչափ երկարությամբ և 12 տոննա ծավալով ստանդարտ կոնտեյների։
Բաթում-Նովոռոսիյսկ անցումը տևում է 18-22 ժամ: Անհրաժեշտության դեպքում նավը կարող է ավելի արագ (առանց վառելիքը խնայելու) կամ ավելի դանդաղ ընթանալ, տարբերությունը 2-3 ժամ կլինի: Նովոռոսիյսկում բեռնաթափումը 8-12 ժամ է տևում: Կարգավորված, համակարգված աշխատանքի դեպքում այդ երթուղով Երևանից Մոսկվա բեռների մատակարարումները 5-7 օր են տևում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում