Քաղաքացիները պահանջում են սննդամթերք տեղափոխել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց

Քաղաքացիները պահանջում են սննդամթերք տեղափոխել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց

«Բացում» քաղաքացիական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ի աջակցություն Արցախի: Շարժման ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիելս Սքոտին` նրանից ակնկալելով աջակցություն` ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված առաջին անհրաժեշտության իրերն ու պարենն Արցախ տեղափոխելու համար։

«Մենք պահանջում ենք անհապաղ գործողություններ ձեռնարկել, որպեսզի այստեղ հավաքված ամբողջ բեռը հասնի Արցախ»,– ասել են շենքի դիմաց հավաքված քաղաքացիները։

Քաղաքացիները ակնկալում են, որ ՄԱԿ–ը կգործադրի նաև իր լծակները, որպեսզի Լաչինի միջանցքը շուտափույթ բացվի։ Շարժման ներկայացուցիչները ընդգծել են, որ եթե հարցը չլուծվի, իրենք շրջափակելու են բոլոր այն կառույցների շենքերը, որոնք պարտավոր են քայլեր ձեռնարկել իրավիճակի լուծման համար։

Քաղաքացիները հայտարարել են, որ այսօր երեկոյան ակցիան շարունակելու են Երևանի Ազատության հրապարակում, որտեղ էլ կքննարկեն հետագա քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում