Մոսկվայի պատասխանը ԱԹՍ-ներով հարձակմանը․ ՊԵՍԿՈՎ
Նմանատիպ
Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման պատասխանը կլինի ռազմական հատուկ գործողության շարունակումը և դրա նպատակների իրագործումը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է և կշարունակվի։ Եվ մենք կհասնենք դրա նպատակներին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից որևէ պատասխան կլինի ուկրաինական օբյեկտների ուղղությամբ:
Պեսկովի խոսքով՝ ՌԴ շրջանների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակվելու ուկրաինական փորձերը հաճախակի են դարձել, սակայն անվտանգությունն ապահովող բոլոր ծառայությունները զգոն են:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ վաղ առավոտյան՝ ժամը 4.00-ին, գրանցվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներ մայրաքաղաքի երկու ոչ բնակելի շենքերի ուղղությամբ, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան:
«Ինչպես տեսնում եք, վերջին օրերին ավելացել է մեր շրջանների վրա ԱԹՍ-ներով գրոհելու փորձերի ինտենսիվությունը։ Այդ պատճառով միջոցներ են ձեռնարկվում, շատ լարված շուրջօրյա աշխատանք է ընթանում»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը երբեք հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի սոցիալական ենթակառուցվածքներին և վանքերին։
«Մեր զինված ուժերը երբեք չեն հարվածում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներին կամ առավել ևս վանքերին, եկեղեցիներին և նմանատիպ այլ օբյեկտներին։ Ուստի նման մեղադրանքները մենք չենք ընդունում, դա բացարձակ սուտ է։ Այնտեղ խոսքը հակահրթիռների մասին է, որոնք արձակվել են և որոնք իրենք են ավերել այդ տաճարը»,-ասել է Պեսկովը։
Հուլիսի 23-ին ՌԴ ՊՆ-ն հերքել էր ուկրաինական կողմի հաղորդագրությունն այն մասին, որ բարձր ճշգրտության զենքի կիրառման հետևանքով Օդեսայում խոցվել է Պայծառակերպության տաճարը: Գերատեսչության տվյալներով՝ վանքի ավերման ամենահավանական պատճառն այն է, որ հակաօդային պաշտպանության համալիրների օպերատորների անգրագետ գործողությունների հետևանքով ուկրաինական կառավարվող զենիթային հրթիռ է ընկել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում