«Մոսկվայի տունը» եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գործող ուղղափառ եկեղեցիներին
Նմանատիպ
Երևանում «Մոսկվայի տուն» կրթական-մշակութային կենտրոնը եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գտնվող ուղղափառ եկեղեցիներին։
Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նվիրաբերումն իրականացվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
Մոմակալներ, մկրտության պարագաներ, պատարագի զգեստներ, սուրբ գրքեր և եկեղեցական այլ պարագաներ են նվիրաբերվել Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի Սուրբ Ալեքսանդրա թագուհու եկեղեցուն, Միքայել հրեշտակապետի` «Պատվո բլրի վրա» գտնվող եկեղեցի-ժամատանը, 8-րդ ավանում գտնվող Սուրբ Մատրոնա տաճարին, ինչպես նաև Արմավիրի սահմանապահ ջոկատի Սուրբ Իլյա Մուրոմեցի մատուռին:
Նվերների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդրա թագուհու տաճարում։
Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի Հայոց թեմի հոգևորական, Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի ՝ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով օգնական Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանն ասել է, որ այս նվիրատվությունը կարևոր է հավատքի ամրապնդման համար:
«Երևանի Մոսկվայի տունը փորձում է ամեն կերպ աջակցել ռուս հայրենակիցներին և զինծառայողներին Հայաստանում՝ ոչ միայն կազմակերպելով նրանց մշակութային ժամանցը և իրականացնելով կրթական նախագծեր, այլև փորձելով բավարարել նրանց սոցիալական և հոգևոր կարիքները: Մեր բոլոր նախաձեռնություններն իրականացվում են Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցության շնորհիվ: Հուսով եմ, որ այս նվերը ևս իր նպաստը կբերի ռուսական համայնքի առավել համախմբմանն ու հոգևոր ամրապնդմանը»,– նշել է «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Արմավիրի սահմանապահ ջոկատում գտնվող Սուրբ Իլյա Մուրոմեցի մատուռին եկեղեցական պարագաներ փոխանցելու արարողությանը ներկա է եղել էստրադայի արտիստ, կինոդերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում