Հուլիսի 25–ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը․ Լավրով

Հուլիսի 25–ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը․ Լավրով

Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

Այս մասին պարզ է դառնում Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

Ինչպես գրում է մամուլի ծառայությունը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։

Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում