Նուբար Աֆեյան․ Աշխարհի միլիարդատեր հայերը
Նմանատիպ
Նուբար Աֆեյանի կարողությունը Forbes-ը գնահատում է 1․5 միլիարդ դոլար․ նա միլիարդատերերի ցանկում 2039-րդն է:
Դոկտոր Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է եւ գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունը բացառիկ ձեռնարկություն է, որը մարդու առողջության ու մարդկային կայուն զարգացման բարելավման նպատակով ծրագրում, ստեղծում, ռեսուրսներ է մշակում եւ զարգացնում կենսագիտական առաջնակարգ ընկերություններ: Բիոքիմիայի ինժեներ, ձեռներեց դր. Աֆեյանը գրանցել է 100-ից ավելի արտոնագրեր եւ իր աշխատանքային 33-ամյա գործունեության ընթացքում համահիմնել ու օգնել է հիմնելու կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 նորաստեղծ ընկերություն։ Նա COVID-19 (կորոնավիրուս) գլոբալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական առաջատար ընկերության՝ «Մոդերնայի» համահիմնադիրն ու նախագահն է եւ մի շարք մասնավոր ու պետական ընկերությունների խորհուրդների անդամ։
Աֆեյանը դասախոսել է Հարվարդի բիզնես դպրոցում եւ ավագ դասախոս է եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT), որտեղ ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է տեխնոլոգիական ձեռներեցություն եւ նորարարություն։
Նա արժանացել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) «Տեխնոլոգիական առաջամարտիկ 2012» (Technology Pioneer 2012 ) մրցանակին, 2021 թ. հայրենի Լիբանանից պարգեւատրվել է Ազգային պատվո շքանշանով, 2016 թ. Կարնեգի կորպորացիայից ստացել է «Մեծ ներգաղթյալ» պատվավոր կոչումը (Great Immigrant honor) եւ 2008 թ. պարգեւատրվել է Էլիս Այլենդի Պատվո շքանշանով (Ellis Island Medal of Honor)։
Դոկտոր Աֆեյանը MIT կորպորացիայի (ինստիտուտը կառավարող մարմնի) եւ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Իր գործընկերների հետ միասին Աֆեյանը նախաձեռնել եւ աջակցել է բարեգործական ծրագրեր, որոնց թվում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, UWC Դիլիջան դպրոցը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրների նկատմամբ իրազեկություն բարձրացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում