Հոսեյն Ամիր Աբդոլլահիան. Իրանը պատրաստակամ է «3+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել
Նմանատիպ
Իրանը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, միաժամանակ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու համար։
«Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար»,-նշել է Իրանի Արտաքին գերատեսչության ղեկավարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում գրանցվող առաջընթացը»-ասել է Ամիր Աբդոլլահիան
«Իրանը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա»,-նշել է նա, հավելելով, որ իր ոչ վաղ անցյալի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այսօրվա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կարող է դիտարկվել որպես պարարտ հող, Իրանի կողմից տարածաշրջանում խաղաղության և անվտանգության նախապատրաստման համար։
Նրա խոսքերով, Թեհրանը գտնում է, որ խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների շահերին։
«Կովկասի տարածաշրջանը չպետք է վերածվի գժտությունների և հանուն իշխանության մրցակցության թատերաբեմի, քանի որ այն խարխլում է խաղաղությունը»,-շեշտել է նա, հավելելով, որ կայուն խաղաղությունը պահանջում է բարեկամական շփումներ կառավարությունների և ժողովուրդների միջև։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, որոշ արտասահմանյան երկրներ ձգտում են օգտագործել տարածաշրջանում առկա տարաձայնությունները։
«Մենք ողջունում ենք «3+3» ձևաչափով հանդիպումները տարածաշրջանի երկրների միջև և Իրանը պատրաստակամ է նման հանդիպում կազմակերպելու, որին կմասնակցեն Հայաստանն ու Ադրբեջանը»,-եզրափակել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում