Վլադիմիր Վիսոցկի․ միլիոնների կուռքը

Վլադիմիր Վիսոցկի․ միլիոնների կուռքը

Վլադիմիր Վիսոցկու մահվան մասին լուրերն անընդհատ տարածվում էին մարդկանց մեջ նրա պաշտոնական մահից շատ առաջ: Ինչ-որ մեկը պնդում էր, որ Վիսոցկին կրակել է ինքն իրեն, կտրել երակները։ Տարածվում էին նրա մահվան անհեթեթ վարկածներ։

Թվում էր, թե բամբասանքներն ավելի արագ էին ծնվում, քան հենց բանաստեղծի գործերը։

«Մենք բոլորս էլ մեր կյանքի ինչ-որ պահի տառապում ենք ասեկոսեներից… Ինձ արդեն մի քանի անգամ թաղել են… մի անգամ Նովոսիբիրսկից մի աղջիկ հարցրեց ինձ. «Ճի՞շտ է, որ դու մահացել ես»: Ես ասացի, որ չգիտեմ»,-իր հուշերում պատմել է Վիսոցկին։

Բայց իրականում Վլադիմիր Վիսոցկին մեկ անգամ չէ, որ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Նա մի քանի անգամ ավտովթարների է ենթարկվել ու 2 անգամ կլինիկական մահ տարել։

Վիսոցկու մահվան իրական պատճառները մինչ այժմ անհայտ են․ Հարազատներն ամեն ինչ արել են դիահերձում թույլ չտալու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է թմրանյութը և ալկոհոլը, մյուսների համաձայն՝ ինքնախեղդումը, մահվան վկայականում գրված է. «Պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է»։

Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1980թ-ի հուլիսի 25-ին՝ Մոսկվայում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ։ Խորհրդային իշխանություններն ամեն ինչ արեցին այս փաստը ժողովրդից թաքցնելու համար։ Այն, որ երկիրը կորցրել է մեծ բանաստեղծի, արվեստագետի և դերասանի, վկայում են միայն երկու փոքրիկ մահախոսականները «Вечерняя Москва» և «Советская Россия» թերթերում և Տագանկայի թատրոնի դրամարկղում արված համեստ հայտարարությունը. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»:

Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի

Վիսոցկու չկայացած ներկայացման տոմսերը ոչ ոք չվերադարձրեց՝ այն պահելով որպես մասունք։

Մի քանի օր անց «Вечерняя Москва»-ի գլխավոր խմբագիրը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից՝ Վիսոցկու մահվան մասին գրություն հրապարակելու համար։ Եվ չնայած բոլոր խոչընդոտներին՝ Տագանկայի թատրոնի մոտ հսկայական բազմություն էր հավաքվել, մարդիկ մի քանի օր շարունակ չէին ցրվում։ Հուղարկավորության օրը շատերը նույնիսկ կանգնել են մոտակա շենքերի տանիքներին։ Վիսոցկուն հրաժեշտ տալու էր եկել մոտ 40 հազար մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում