Լեոնիդ Ենգիբարյան. պատասխանատու զգալ մեր շուրջ կատարվող ամեն ինչի համար

Լեոնիդ Ենգիբարյան. պատասխանատու զգալ մեր շուրջ կատարվող ամեն ինչի համար

«Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ…»

Հաճախ մեզ թվում է՝ ծաղրածուները, կոմիկները, արտիստները երջանիկ մարդիկ են, բայց ծաղրածուի զվարճալի գրիմի տակ թաքնված դեմքը ո՞վ է տեսնում , ո՞վ է զգում մեզ զվարճացնող արտիստի սիրտը… Եթե հարցնեն, ինչ կրկեսային արտիստի գիտեք, առաջինը հաստատ կմտաբերեք Լեոնիդ Ենգիբարյանին:

Մոսկվայի «Մետրոպոլ» ռեստորանի մասին հավանաբար շատերս լսած կլինենք ավագ սերնդից: Ասում են՝ այնտեղ սնունդը մի տեսակ հայկական համ ուներ, ռեստորանի շեֆ-խոհարարն, ի դեպ, հենց հայ էր՝ Գեորգի Ենգիբարով: Նրա համեղ խոհանոցային ստեղծագործություններով հիանալուց զատ՝ հիացմունքի արժանի էին նրա որդիները: Գեորգի Ենգիբարովը երեք կին է ունեցել: Յուրաքանչյուրից ունեցել է մեկ որդի՝ մեկը մեկից տաղանդավոր ու շնորհալի: Ավագը՝ Միքայելը հայտնի քանդակագործ է Օդեսայում, միջնեկը՝ Հրաչյան, անվանի դերասան ու բեմադրիչ, ում  բոլորս գիտենք՝ որպես Հրաչյա Ղափլանյան: Կրտսեր որդին Լեոնիդն էր: Նա մանկուց սիրում էր Անդերսենի հեքիաթներն ու տիկնիկային թատրոնը: Լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի կյանքի պատմությունը ես չեմ պատմի, ինքն ավելի լավ է գրել իր մասին:

«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի եղել եմ ռինգում: «Եթե մեկը ապտակի քո աջ այտին, դարձրու մյուսը» պատվիրանը հիմնավորապես սխալ եմ համարում: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ և երբ քսաներկու տարեկան էի, ինձ մնացել էր արտիստ դառնալ: Գրել սկսել եմ այդ իսկ ժամանակից՝ ակամա: Ոչ մի գրող չուզեց համագործակցել, և ստիպված էի ինքս ինձ համար սցենարներ գրել: Հիմա սարսափով մտածում եմ` իսկ եթե հայտնվի իսկական սցենարի՞ստը… Սիրում եմ ծով, աշուն… Վան Գոգին: Վախենում եմ բարեկեցիկ կյանքից: Գլխավորն ինձ համար՝ պատասխանատու զգալ մեր շուրջ կատարվող ամեն ինչի համար»

Ենգիբարյանին մենք հիմնականում ասոցացնում ենք կրկեսի հետ, մինչդեռ նա մի քանի ոլորտում է փորձել դրսևորվել՝ ձկնային տնտեսությունից մինչև բռնցքամարտ, գրականությունից մինչև կինո:

Լեոնիդ Ենգիբարյան

Առաջին կարգի բռնցքամարտիկ դարձած Լեոնիդ Ենգիբարյանին իրենց ֆիլմերում նկարել են Սերգեյ Փարաջանովը, Ռոլան Բիկովը, Վասիլի Շուկշինը, Թենգիզ Աբուլաձեն, իսկ Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում Ենգիբարյանը մարմնավորում է ինքն իրեն։

«Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ: Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, և կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ հույս…հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, և քեզ հետ է նորից Անհանգստությունը: Մի ստիր ինքդ քեզ`առանց այդ դու չես կարող: Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում»

Նրա ճանապարհը, սակայն, անավարտ մնաց: Բազմաթիվ անելիքներ կային, նոր ներկայացումներ, որոնք վրա աշխատելու էր արձակուրդի ընթացքում, բայց… հյուրախաղերի ընթացքում ոտքի վրա տարած անգիան իր հետևանքը զգացնել տվեց արձակուրդում, երբ թուլության ու ինքնազգացողության վատացման պատճառով Լեոնիդ Ենգիբարյանը խնդրեց մորը շտապօգնություն կանչել, բժիշկների մեկ օրում կատարած երկու այցից հետո արձանագրվեց արտիստի մահը: Մահվան պատճառ նշվեց «սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը»:

Թվացյալ անվերջ ճանապարհ ունեցող արտիստի վերջին հանգրվանը Մոսկվայի ամենամեծ գերեզմանատներից մեկն է: Եվ թեև «մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է», այնուամենայնիվ, նրա շիրիմին ծաղիկներ են լինում մինչ օրս, քանի դեռ կան մարդիկ, որոնք մեծարանքի խոսքերից զատ չեն մոռանում երբեմն այցելել արտիստի շիրմին:

Իսկ չեխ երգիչ Կարել Գոթը «Byl jak já» (Նա ինձ նման էր) երգը նվիրել է լեգենդար հայի հիշատակին: Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակի օրն է:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում