Փարիզում ներկայացվել է 2024-ի Օլիմպիական խաղերի ջահի նմուշը
Նմանատիպ
2024 թվականին Փարիզում անցկացվելիք ամառային Օլիմպիադայի կազկոմիտեն ներկայացրել է օլիմպիական նոր ջահի նմուշը, որը պատրաստվել է ֆրանսիացի դիզայներ Մատյե Լեաների կողմից։
Ջահը, որն ունի 70 սանտիմետր բարձրություն, կշռում է մեկ ու կես կիլոգրամ և ներկված է շամպայնի գույնով, ըստ կազմկոմիտեի, շատ յուրօրինակ է ու պայծառ։ Ջահի վերին հատվածը պատրաստված է հղկված, իսկ ներքևի հատվածը՝ մշակված պողպատից։
Ջահի ստեղծման ժամանակ դիզայները ոգեշնչվել է Փարիզ-2024-ի երեք սիմվոլներից, որոնք են՝ հավասարությունը, ջուրն ու խաղաղասիրությունը։
«Հավասարությունն արտահայտված է իդեալական համաչափությամբ, ջուրը ալիքային էֆեկտով, ռելիեֆով ու վիբրացիայով, իսկ խաղաղասիրությունը՝ նուրբ կորագծով»,-նշել է Լեաները։
2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սեն գետի վրա, ինչը ըստ կազմկոմիտեի, լինելու է օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենադիտարժան բացման արարողությունը։ Նախատեսված է, որ գետի վրա 160 նավակների մասնակցությամբ շքերթ կկազմակերպվի, որոնք տեղափոխելու են խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների անդամներին։
Օլիմպիական ջահը նախատեսված է վառել 2024 թվականի ապրիլի 16-ին հունական Օլիմպոսում։ Մայիսի 8-ին կրակն արդեն կհասնի Մարսել և դրանից հետո այն կանցնի ֆրանսիական ավելի քան 400 քաղաքաներով։
Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը, որին կմասնակցեն ամբողջ աշխարհից հրավիրված 10 հազար 5 հարյուր մարզիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում