Եռակողմ հանդիպում Մոսկվայում։ Ի՞նչ են խոսել նախարարները
Նմանատիպ
Այսօր՝ հուլիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։
Հանիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Կարևոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջև երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։
«Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ»,-նշել է Լավրովը։
Բայրամովն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացվող բանակցությունների դինամիկան բավականին բարձր է։
Բայրամովը հավելել է, որ բանակցային գործընթացի արդյունքները «մի փոքր զիջում են բուն բանակցային գործընթացի դինամիկային… Սակայն, այդուհանդերձ, սխալ կլիներ ասել, թե դրական արդյունք ընդհանրապես չկա կամ գոյություն չունի»,- նշել է նա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպման վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, որում մասնավորապես նշված է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, պարենի և դեղորայքի պակասը, հստակ քայլերի հրատապությունը։
Եռակողմ հանդիպման ժամանակ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստումը, ինչպես նաև այլ հարցերի լուծման հնարավոր տարբերակները։ Բացի այդ, նախարարները նախատեսում են անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ կարևոր թեմաների, այդ թվում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ սահմանազատմանը։
Եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը։
«Մենք կառուցողական ենք տրամադրված և բանակցություններ ենք վարում բոլոր հարթակներում և բոլոր ուղղություններով: Ավաղ, իրավիճակն աշխարհում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Եռակողմ հանդիպման ավարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրորվը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ ներկայացնելով այն թեմաները, որոնք քննարկվել են հանդիպման ընթացքում։
Ըստ Լավրովի, հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանինը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։
Լավրովի խոոսքերով՝ ադրբեջանական կողմը «պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ, հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում