«Մանթաշյանց» գործարարների միությունը հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին
Նմանատիպ
Բիզնեսի առջև ծառացած խնդիրները հայ գործարարները քննարկել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։
Հանդիպումը կազմակերպել է «Մանթաշյանց» գործարարների միությունը։ Նպատակը մեկն է՝ ակտիվացնել բիզնես-պետություն համագործակցությունը, փորձել համատեղ լուծումներ գտնել գոյություն ունեցող խնդիրների համար և զարգացման նոր ուղիներ մշակել։
Նման հանդիպումների գաղափարը «Մանթաշյանց» գործարարների միությունում նոր չէ։ Ակումբը պարբերաբար քննարկումներ է իրականացնում պետական տարբեր կառույցների հետ՝ համագործակցության վստահելի կապեր ստեղծելով պետության և մասնավոր բիզնեսի միջև։
«Մանթաշյանց» ակումբի անդամ գործարարները նշում են նման հանդիպումների կարևորությունը։ Վերջիններիս կարծիքով սա տարբեր հարցեր բարձրաձայնելու և առաջարկություններով հանդես գալու լավ հնարավորություն է ընձեռում բիզնեսի ոլորտին։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն ասում է, որ ակումբի ներսում տեղի ունեցող քննարկումների, ինչպես նաև նման հանդիպումների արդյունքում ծնված մի շարք գաղափարներ հաճախ օրենքի ուժ են ստանում՝ նպաստելով երկրում բիզնես միջավայրի բարելավմանը։
Էկոնոմիկայի նախարարին ուղղված մանթաշյանականների հարցերը բազմազան էին և բովանդակալից։ Պետական պաշտոնյային նրանք ներկայացրել են իրենց գործունեության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, հանդես եկել դրանք լուծելու առաջարկություններով։ Հնչել են նաև Հայաստանում բիզնես ոլորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտքեր և գաղափարներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ ժամեր տևած հանդիպումը գոհացրել է թե՛ գործարարներին և թե՛ պաշտոնյային։ Մանթաշյանականներին ուղղված իր խոսքում Քերոբյանը կարևորել է նման քննարկումները՝ խոստանալով ուշադրություն դարձնել գործարարների առաջարկներին և լուծումներ մշակել բարձրաձայնված խնդիրների համար։ Գործարարներն էլ, իրենց հերթին, կարևորում են պետության կողմից բիզնեսի ոլորտում իրականացվող քաղաքականության նրբություններին հնարավորինս շուտ ծանոթանալու և համապատասխան հետևություններ անելու հանգամանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում