Տիեզերական ճառագայթները կարող են փոխարինել GPS-ին․ նոր փորձարկում

Տիեզերական ճառագայթները կարող են փոխարինել GPS-ին․ նոր փորձարկում

Ճապոնացի գիտնականները կարողացել են ստեղծել տիեզերական ճառագայթներով աշխատող համակարգ, որն այլընտրանք կհանդիսանա GPS-ին։ Նոր նավիգացիոն համակարգը հնարավոր կլինի օգտագործել թե՛ գետնի տակ, թե՛ ջրում։

GPS նավիգացիոն համակարգերը դարձել են կյանքի անբաժանելի մասնիկը, նրանք օգնում են մարդկանց կողմնորոշվել, կազմում են քարտեզներ և որոշում ժամանակը։ Սակայն տիեզերքից եկող սիգնալները չեն կարողանում հաղթահարել շինությունները, քարերն ու ջուրը։ Այդ պատճառով նավիգացիոն համակարգում ձգտում են տեխնոլոգիաների կատարելագործման։ Ճապոնացի գիտնականները ստեղծել են նոր համակարգ, որը օգտագործում է տիեզերական ճառագայթները։ Այդ նորարությունը կօգտագործվի փրկարարաորոնողական խմբերի կողմից, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ աշխատել գետնի տակ կամ ստորջրյա տարածքներում։

Նախկին բոլոր փորձարկումների ժամանակ գիտական խմբերը հաղորդիչները կայաններին միացնում էին լարով, ինչը սահմանափակում էր տեղաշարժը, իսկ նոր տարբերակը ամբողջովին անլար է, իսկ սինխրոնիզացման համար օգտագործվում են գերճշգրիտ կվարցե ժամացույցներ։

Փորձարկման համար կայանը տեղադրել են շինության 6-րդ հարկում, իսկ գիտնականը հաղորդիչով քայլել է նկուղի միջանցքներով։ Ստացվող արդյունքների հիման վրա հաշվարկել են ուղղությունը, որի ճշգրտությունը կազմել է 2-ից 25 մետր, իսկ գործողության հեռավորությունը հասել է մինչև 100 մետրի

Սակայն ըստ գիտնականների, այդ նորարությունը դեռևս հեռու է պրակտիկ կիրառությունից և ունի կատարելագործման կարիք։ Ըստ նրանց, անհրաժեշտ է հասնել մինչև 1 մետր ճշգրտության։ Որպես լուծում դիտարկվում է ատոմային ժամացույցերի օգտագործումը, կվարցի փոխարեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում