ԼՂ ճգնաժամն ազդում է երեխաների վրա. Մարգարյանը հանդիպել է UNICEF–ի ղեկավարին

ԼՂ ճգնաժամն ազդում է երեխաների վրա. Մարգարյանը հանդիպել է UNICEF–ի ղեկավարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքում։

Մհեր Մարգարյանն ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ խափանելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։ Նշվել է, որ, Լեռնային Ղարաբաղը շրջափակելով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել։

Կարևորելով հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցում UNICEF-գործառույթները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը՝ երեխաների առաջնային կարիքները հոգալու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում