Միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են

Միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Նրանք Սյունիքում են ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով։

«Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Երկրորդ օրն է պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական օգնությունը պետք է Արցախ տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Ռուսական կողմից դեռ պատասխան չկա։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված 19 բեռնատարներ Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվել են Արցախ։ Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները Երևանում բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում