Ադրբեջանն արգելանքի է վերցրել Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող 68-ամյա արցախցուն

Ադրբեջանն արգելանքի է վերցրել Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող 68-ամյա արցախցուն

Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Times.am-ը, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների», – մասնավորապես գրել է Գ. Ներսիսյանը։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ նույն երթով ՀՀ տեղափոխվող Արցախի քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։

Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին», – գրել է Արցախի պետնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում