54.800 քվե՝ «Հայաքվե»-ի ստորագրահավաքը գերազանցել է անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը
Նմանատիպ
Հայաստանի մոտ 55.000 քաղաքացիների միացել են «Հայաքվե» հասարակական օրեսնդիր նախաձեռնությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ըստ նրա, այս շաբաթվա ընթացքում «Հայաքվեի» ստորագրությանը միացել է 16 հազարից ավելի քաղաքացի։ Թիվը ռեկորդային է նախաձեռնության բոլոր չորս շաբաթների համար։
«Ունենք «Հայաքվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի», – այսօր հայտարարել է Չալաբյանը։
24 հազար 660 քաղաքացի միացել է Երևանում, 29 հազար 380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։
«Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը», – ասաց Ա.Չալաբյանը։
Առաջին փուլում օրենքով անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն։
«Ըստ էության, ստորագրահավաքը ութ շաբաթ է տևում։ Մեզանից առաջին շաբաթը գողացել է Երևանի քաղաքապետարանն իր կամայական որոշումներով։ Հիմա այդ ութ շաբաթներից չորս շաբաթվա ընթացքում մենք նվազագույն շեմը գերազանցել ենք։ Եթե չլինեին ադմինիստրատիվ խոչընդոտները, համոզված ենք՝ ութ շաբաթ ստորագրահավաք իրականացնելու դեպքում նվազագույն շեմն առնվազն կրկնակի կարող էինք գերազանցել և ավելին։
Բացարձակ իրատեսական է, որ նույնիսկ այս փուլում մեզ 100 հազար ու ավելի քաղաքացի միանա, սակայն մենք այդպիսի խնդիր չենք դնում երկու պատճառով։ Հանրաքվեի մասին օրենքն այնպես է գրված, որ եթե անհրաժեշտություն լինի գնալ ստորագրահավաքի երկրորդ փուլին, ապա առաջին փուլում ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիները երկրորդ անգամ չեն կարող մասնակցել։
Անկախ նրանից, հիմա 50 հազար քաղաքացի է մասնակցել, թե 100 հազար քաղաքացի, երկրորդ փուլում անհրաժեշտություն կլինի ևս 300 հազար քաղաքացիների մասնակցությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են մեզ, որպեսզի միանան «Հայաքվեին», բայց ուզում ենք այդ իմաստով խելամիտ բալանս գտնել։ Հետևյալն է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կշարունակենք «Հայաքվեի» ստորագրահավաքն այն համայնքներում, որտեղ քաղաքացիների ակտիվ հոսքը շարունակվում է և կավարտենք ստորագրահավաքը հաջորդ շաբաթվա վերջին։
Ստորագրահավաքի պաշտոնական ավարտի ժամկետը օգոստոսի 19-ն է, մենք կշարունակենք մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, վերջին երկու շաբաթը կօգտագործենք արդյունքների ամփոփման, վերլուծությունների համար»,- ասաց Ա. Չալաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում