Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Փնտրելով իր մոլորակը
Նմանատիպ
Երկինքը նրա տարերքն էր ու մասնագիտությունը…բայց նա երազում էր գտնել Փոքրիկ իշխանի մոլորակը, որն ինքն էր հորինել… Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը կարդացել ենք հավանաբար բոլորս, բայց ցավոք քչերն են այս գործից անդին ծանոթ Էքզյուպերիի գրական ժառանգությանը: Նույնքան պակաս հայտնի է նրա ներդրումը ավիացիայի ոլորտում:
Ասում են՝ ֆրանսիացիները ռոմատիկ են…գուցե: Սենտ-Էքզյուպերին ասում էր, որ ֆրանսիացի լինելը մարդուն իրավունք է տալիս ավելի ռոմանտիկ լինել ու լինելով Երկրի վրա՝ ապրել որտեղ ուզում է: Հավանաբար հենց այսպես նա նկարագրեց ու անուն տվեց իր հեքիաթ-վիպակի հերոսի մոլորակին ու ամբողջ կյանքն ապրեց այդ մոլորակը գտնելու երազանքով:
Բ-612. հենց այստեղ էր ապրում Փոքրիկ իշխանը: Փոքրիկ իշխանի մոլորակի փնտրտուքներով զբաղվել պետք չէ, բայց «Փոքրիկ Իշխան» անունն է կրում Լուսնի Էուգենիա աստերոիդը:
Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:
Խառնիխուռն աշխարհում Սենտ-Էքզյուպերին ապրում էր իր ամեն օր կարգի բերվող մոլորակում: Սիրում էր գրել, երազել, թռչել: Վերջինն ասում եմ բառի ուղիղ իմաստով:
Էքզյուպերին պրոֆեսիոնալ օդաչու էր: Նա մի շարք սերտիֆիկացված հայտնագործություններ է արել ավիացիայում: Նա նաև հրաշալի տիրապետում էր աճպարարությանը, ինչ օգնում էր արագ կողմնորոշվել, մանևրել, ռիսկի դիմել ու ելք գտնել ցանկացած իրավիճակից: Հավանաբար հենց այս հմտությունն է օգնել նրան 15 անգամ ավիավթարի ենթարկվել ու մնալ անվնաս: Բայց դե, ճակատագիրն էլ իր աճպարարական հնարքներն ունի…
Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:
Էքզյուպերիի լավագույն ընկերն ու բարեկամը կինն ու ընկերն էին: Մի շարք գրականագետներ կարծում են, որ «Փոքրիկ Իշխան»-ում պատահական մարդիկ չկան: Այստեղ գլխավոր հերոսի նախատիպ հեղինակն է, վարդը՝ իր կինը, իսկ աղվեսը՝ ընկերը: Դրա համար էլ վարդը սիրելին է ու անկրկնելին, իսկ աղվեսը հերոսին սովորեցնում է հավատարմություն:
Ի դեպ, մինչ «Փոքրիկ Իշխան»-ը, այս պերսոնաժը եղել է «Մարդկանց երկիրը» պատմվածքում: «Մարդկանց երկիրը» մարդու տեսակի, արատների, երազանքների մասին է և ոչ միայն:
Մարդ լինել շանակում է պատասխանատու լինել։ Նշանակում է քեզ անհարմար զգալ, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ քեզնից ոչինչ կախված չէ, ու ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը։
Չգիտեմ, երևի հենց պատասխանատվության զգացումն է պակասում ժամանակակից մարդուն, որն այլևս երազանքներ չունի ու ամեն ինչ չափում ու հաշվում է թվերով՝ անբովանդակ ու մակերեսային, որն ակնկալիքներ ունի բոլորից, պատասխանատվությունը բարդում է բոլորի վրա ու կարծում՝ ինքը ոչինչ է լուրջ հարցերի համար, իսկ ոչինչ լինելը ընտրություն է պատասխանատվության ու կործանման միջև:
Ինչու՞ ատենք միմյանց։ Ազատագրվելու համար բավական է, որ միմյանց օգնենք գիտակցել այն նպատակը, որը մեզ իրար է շղթայում, ուրեմն՝ փնտրենք այնպիսի նպատակ, որ կմիավորի բոլորիս։
Էքզյուպերին պարզապես գրող չէր, նա մեծ մտածող էր, երազող ու մեկը, որը մեր ներքին ձայնն է, մեր միջի փոքրիկ, երբեք չմեծացող երեխան, մարդը: Նա մինչև կյանքի վերջ երազեց գտնել իր հերոսի մոլորակն ու…հավանաբար գտավ, ո՞վ գիտի:
Ժամանակին ասում էին՝ նա թռավ իր մոլորակ ու չվերադարձավ….
Էքզյուպերիի մահվան վարկածները շատ են: Այնպես որ կես կատակ-կես լուրջ, վերոնշյալը դրանցից մեկն է: «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի գերմանացի օդաչու Հորստ Ռիպպերտը տարիներ առաջ մմիայն ասել է, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով 1944-ի հուլիսի 31-ին կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը, սակայն 1944 թվականի հուլիսի 31-ի տեղեկագրերում խփված ինքնաթիռների մասին լուրեր չկան… 1998-ին մի ձկնորս ծովում գտնում է թևնոց՝ «Antoine», «Consuelo» և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA» գրությամբ: Առաջինը Սենտ-Էքզյուպերիի կնոջ անունն է, երկրորդն՝ այն հրատարակչության հասցեն, որտեղ տպագրվում էին նրա գրքերը: Որից հետո ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարում է, որ 70մ խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որը, հնարավոր է, պատկանում է Սենտ-Էքզյուպերիին։ Գտնված մնացորդների սերիական համարով նույնականացվեց Էքզյուպերիի ինքնաթիռը…
Մեծ երազողի վերջին հանգրվանը հավանաբար հենց աշխարհն է՝ իր փոփոխական սահմաններով ու երկինքն՝ իր անսահմանությամբ: Ի վերջո սահմանները ևս մարդն է գծում ու չափում թվերով, մինչդեռ աշխարհն այդ թվերով չի սահմանվում ու սահմանափակվում, նշանակում է՝ մարդն ինքն է սահմանափակում ինքն իրեն, հորինում վախեր, պատճառներ, արդարացումներ, միայն թե իր երազանքների անկատարության ձախողումից խուսափի ու զերծ մնա պատասխանատվություն ստանձնելուց, բայց չէ՞ որ երազանքներն անպայման իրականանում են…
Երբեմն քեզ կարող են խանգարել ամպրոպը, մառախուղը, ձյունը։ Այդ ժամանակ փորձի՛ր մտածել բոլոր նրանց մասին, ովքեր քեզնից առաջ անցել են այդ ամենի միջով, և պարզապես ասա՛ քեզ, որ այն, ինչ հաջողվել է մյուսներին, քե՛զ էլ կհաջողվի։
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում