Քաղաք ուրվականներ․ Պոմպեյ

Քաղաք ուրվականներ․ Պոմպեյ

Մեր թվարկության 79թ-ի օգոստոսի 24-ի կեսօրին Վեզուվ հրաբխի ժայթքումը մեկընդմիշտ թաղեց հռոմեական Պոմպեյ քաղաքը։ Անսպասելի վրա հասած հրաբխային փոշին և պիրոկլաստիկ հոսքը  ծածկեցին քաղաքն ու նրա բնակիչներին։

Հրաբխի ուժն այնքան մեծ էր, որ արտանետված մոխիրը հասավ մինչև Եգիպտոս և Սիրիա: 1700-ականներին պեղումների արդյունքում մարդկությունը բացահայտեց Պոմպեյ քաղաքի ուրվականը՝ հրաշալիորեն պահպանված, որը նոր լույս սփռեց հռոմեական նիստուկացի, կենսակերպի և քաղաքային ենթակառուցվածքների վրա։

Պոմպեյի բնակիչների քարացած մարմինները կարծես ուրվականներ լինեն, որոնք փոխանցում են քաղաքի վերջին օրվա սարսափն ու ողբերգությունը։ Կանոնավոր պեղումների արդյունքում բացվել են քաղաքի մեծ մասը, դարպասների մոտ գտնվող դամբարանադաշտը և քաղաքից դուրս՝ ամառանոցային շքեղ տներ:

Քաղաքում պահպանվել են սյունաշարով, այսպես կոչված՝ բազիլիկով, Ապոլոնի տաճարով, Յուպիտերի տաճարով, թերմերով, մահուդի ու մսի շուկաներով ֆորումի, ինչպես նաև դորիական տաճարով եռանկյունի ֆորումի ավերակները, թատրոններ, երգասրահներ, ամֆիթատրոններ և այլն: Պոմպեյի հանկարծակի կործանման հետևանքով տների, կրպակների, գինետների, հասարակական շենքերի ողջ կահավորանքը պահպանվել է: Քաղաքի առօրյայի մասին կարելի է դատել միանգամայն հավաստիորեն, քանզի մոխրի տակ պահպանվել են նաև պատերի գրառումները:

Դատելով պատերի վրա պահպանված գրառումներից՝ Պոմպեյում եռում էր բոլորի հետ բոլորի մշտական գզվռտոցը։ Զուր չէ, որ լատիներեն զազրախոսություններով խիտ պատված, լավ պահպանված քաղաքի պատերից մեկի վրա աչքի է զարնում հետևյալ գրառումը. «Օ՜, պատ, ինչպե՛ս չես փլվում բոլոր այս մեղադրանքների ծանրության ներքո»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում