ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ

ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ

Այսօր՝ օգոստոսի 2-ին՝ առավոտյան, Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ պահանջել է տեսազանգ հոր հետ։

«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից` հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունի։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է, կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, դրա համար տեսազանգ չեն ապահովում»,- ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ նամակներ է ուղարկել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։

«Միջազգային կառույցներին են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ»,– նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գրասենյակի կողմից արձանագրվել են դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի և դատապարտելի է։ Պաշտպանն ընդգծել է, որ այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության ևս մեկ ապացույց է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում