Պողոս Նուբար Փաշա. ահռելի ունեցվածքի տեր գյուտարարն ու հավերժ բարերարը

Պողոս Նուբար Փաշա. ահռելի ունեցվածքի տեր գյուտարարն ու հավերժ բարերարը

Գիտե՞ք՝ ով է եղել Եգիպտոսի առաջին վարչապետը…Նուբար փաշան՝ Նուբարյաններ հայ գերդաստանի ամենանշանավոր ու ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և Ալեքսանդրիայում նրա անունով փողոցներ կան: Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող արհեստական ջրանցքի՝ Սուեզի կառուցման համար ևս Եգիպտոսն ու աշխարհը պարտական է Նուբար փաշային:

Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Փաշան

Նուբարյանների գերդաստանում Նուբար փաշան թեև ականավոր դեմք էր, բայց միակ ազդեցիկ գործիչը չէր:

Այսօր համաշխարհային հեղինակություն վայելող այս հայկական տոհմից կպատմենք Եգիպտոսի առաջին, 13-րդ ու 18-րդ վարչապետ Նուբար փաշայի որդու՝ Պողոս Նուբար փաշայի մասին:

Նուբարյանների տոհմը սերում է Արցախից, բայց կյանքի բերումով Նուբարյանները ցրվել են աշխարհով մեկ: Չի եղել մի երկիր, որտեղ այս տոհմից որևէ մեկը կանգ առնի ու իր հետքը չթողնի: Օրինակ Նուբար փաշան ծնվել է Օսմանյան կայսրությունում, գործունեություն ծավալել Եգիպտոսում, բարեգործական ու հայանպաստ նախաձեռնություններ իրականացրել եվրոպական երկրներում ու մահացել Ֆրանսիայում:

Պողոս Նուբար փաշան ևս ծնվել է Օսմանյան կայսրությունում, կրթվել ու գործունեություն ծավալել եվրոպական երկրներում և մահացել Ֆրանսիայում:

Հիմա Պողոս Նուբար փաշայի մասին առավել մանրամասն:

Պողոս Նուբարը կրթություն է ստացել հրավիրյալ ուսուցիչների մոտ, ապա Շվեյցարիայում ու Ֆրանսիայում: Նա ֆրանսիական հանքերում ճարտարագետ է աշխատել, ապա գործունեությունը շարունակել երկաթուղում՝ դառնալով մի շարք նորարարությունների հեղինակ ու առաջին փորձարկող: Ոլորտում նա գյուտարար էր ու նորարար: Նա բազմիցս մի շարք պետությունների կողմից պետական պարգևների է արժանացել իր նորարարությունների համար, իսկ Փարիզի միջազգային ցուցահանդեսում Ոսկե մեդալի և ֆրանսիական բարձրագույն` Պատվո լեգեոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած  կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ գութանի՝ տրակտորի համար: Եգիպտոսում եղել է երկաթուղիների ընդհանուր տնօրենը և Ալեքսանդրիայում գտնվող Անգլիական երկրագործական ընկերության ղեկավարը: Այդ ընթացքում զբաղվել է նաև ձեռնարկատիրությամբ, կյանքի է կոչել մի շարք բիզնես նախագծեր երկրագործության, շինարարության, տրանսպորտի, ջրամատակարարման ոլորտներում:

Պողոս Նուբարը փաշայի կարգավիճակ չուներ: Առհասարակ փաշան քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տիտղոս էր, բայց Պողոս Նուբարին փաշա էր դիմում ժողովուրդը՝ ի նշան հարգանքի, մեծարանքի ու երախտագիտության: Իսկ թե ով ու ինչու պետք է երախտապարտ լիներ հայ գործչին, հիմա կպատմեմ:

Պողոս Նուբար

Պողոս Նուբարն ահռելի կարողության տեր էր. տասնյակ բանկերի սեփականատեր ու բաժնետեր էր, բելգիացի միլիոնատերի հետ Կահիրեում՝ նախկին Հելիոպոլիս քաղաքի տեղում, նոր թաղամաս կառուցելու համար հիմնեց «Օազիս» ընկերությունն, իսկ նրա հիմնած Հելիոպոլիսը մինչ օրս Կահիրեի դիտարժան վայրերից է։

Գիտնականի, գյուտարարի, գործարարի հաջորդ կանգառը քաղաքականությունն էր: Նա ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ: Այստեղ նա իր քաղաքական-դիվանագիտական լծակները, անձնական համբավն ու ունեցվածքն առավել հասցեական սկսեց ուղղել բարեգործությանը: Այսպիսով, Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10 հազարի, օգնություն ուղարկվեց Տարոն գավառում տուժած հայությանը, պարբերական նվիրատվություն ուղղել էջմիածնին, աջակցել Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը։ Իսկ 1906-ին Կահիրեում նշանավոր գործիչների համագումարի շրջանակում հիմնեց աշխարհում մինչ օրս գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնելը։ Այսօր այն անձեռնմխելի հիմնադրամ է՝ բարեգործական ծրագրերով զբաղվող: Նա սկսում է նոր հանգանակություններ և հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ 1919-ի ապրիլին նա և ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ։ Միայն մի քանի ամսվա ընթացքում 1 միլիոն 600 հազար ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին։ Այս շարքը անընդհատ կարելի է համալրել: Բարեգործությանն ուղղված միջոցներն այլևս անհաշվելի են, բայց հաշվելի է մարդու ապրած ժամանակը: 1928-ի մայիսի 28-ին՝ առողջական խնդիրների պատճառով Պողոս Նուբարը հեռանում է իր հիմնադրած բարեգործական հիմնադրամի՝ ՀԲԸՄ-ի նախագահի պաշտոնից՝ այն թողնելով մեկ այլ գործարար-բարեգործի՝ Գալուստ Գյուլբենկյանին:

Պողոս Նուբարը կյանքի վերջին շրջանն անցկացնում է Փարիզում, մահանում կնոջ մահից մեկ տարի անց՝ աշխարհում թողնելով իր կողմից հիմնադրված ու հովանավորված բազմաթիվ հայագիտական կենտրոններ՝ թողնելով հայկական հետքեր ամենուր՝ Կահիրեից մինչև Փարիզ,  Օքսֆորդից մինչև Նուբարաշեն, որն, ի դեպ, նրա ֆինանսավորմամաբ կառուցված թաղամաս է:

Այսօր մեծ հայի՝ Պողոս Նուբարի ծննդյան օրն է, բայց նրա մասին մեր հիշատակումը կուզեի ավարտել նրա կյանքի ընտրյալի ու իր 5 զավակների մոր՝ թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյի դուստր Մարիի մասին մի պատմությամբ:

Դե, արդեն հասկացաք՝ Պողոս Նուբարն ահռելի կարողության տեր էր, բայց մի օր նկատում է, որ կինը միշտ նույն հագուստով է տանից դուրս գալիս։ Պողոս Նուբարը հետաքրքրվում է՝ մի՞թե իր կինը որևէ բանի կարիք ունի այդքան մեծ կարողության մեջ: Մարին պատասխանում է՝ Փաշա, քանի դեռ ունենք հազարավոր գաղթական հայրենակիցներ և որբացած մանուկներ, ամոթ է, որ ունենամ երկրորդ շրջազգեստ

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում