Ջանլուիջի Բուֆֆոն․ Իտալացի լեգենդն ավարտում է կարիերան
Նմանատիպ
Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ և աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը 45 տարեկանում ավարտել է կարիերան։
Նա սոցցանցերում գրել է. «Այսքանը, ժողովուրդ: Դուք ինձ ամեն ինչ տվեցիք, ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք դա արեցինք միասին»:
Բուֆոնը ավարտում է 28-ամյա կարիերան, որի արդյունքում նա բարձրացրեց Աշխարհի գավաթը 2006 թվականին, ինչպես նաև 10 տիտղոս Ա Սերիայում Յուվենտուսի հետ և Լիգա 1-ի գավաթը՝ ՊՍԺ-ի հետ:
Բուֆֆոնն ավարտեց իր կարիերան այնտեղ, որտեղ այն սկսվել էր 1995 թվականին՝ Պարմայում, որն այժմ Իտալիայի 2-րդ դիվիզիոնի ակումբ է։
Բուֆոնը, ով պայմանագիր ուներ «Պարմայի» հետ մինչև 2024 թվականը, անցած մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում, քանի որ պայքարում էր վնասվածքների դեմ:
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Երիտասարդ Ջանլուիջին իր կարիերան սկսեց Պարմայի ակադեմիայում և իր դեբյուտը Ա Սերիայում կատարեց ակումբի կազմում 1995 թվականի նոյեմբերին։ 2001թ-ին Բուֆֆոնը միացավ թուրինյան ակումբ Յուվենթուսին 32,6 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գործարքի դիմաց, ինչն այն ժամանակ դարպասապահի համար համաշխարհային ռեկորդ էր:
Բուֆոնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Թուրինում՝ չնայած 2018-19 թվականներին ՊՍԺ-ում հանդես գալուն: Ընդհանուր առմամբ, նա ռեկորդային 657 հանդիպում է անցկացրել Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում և բոլոր ժամանակների ամենաշատ խաղ անցկացրած դարպասապահն է՝ 176 հանդիպում Իտալիայի հավաքականի կազմում:
Բուֆոնը հեռացավ միջազգային ֆուտբոլից 2018 թվականին այն բանից հետո, երբ Իտալիան չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր այդ տարի:
Նրա կարիերայի կարևորագույն իրադարձությունը աշխարհի առաջնությունում հաղթելն էր, երբ Իտալիան 11 մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով հաղթեց Ֆրանսիային Բեռլինում 1-1 ոչ-ոքիից հետո:
Ջանլուիջի Բուֆֆոնը վերջին 3 տասնամյակների ընթացքում եղել է համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը․ նրա շնորհիվ ֆուտբոլին սիրահարվել են միլիոնավոր պատանիներ։ Նա հավերժ կմնա համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենալեգենդար խաղացողներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում