Աշխարհը միջուկային պատերազմի շեմին․ գիտնականներն ահազանգում են

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին․ գիտնականներն ահազանգում են

Ամբողջ աշխարհից ավելի քան 100 բժշկական ամսագրեր կոչ են արել արգելել միջուկային զենքը: «Վտանգը մեծ է և աճում է: Միջուկային տերությունները պետք է ոչնչացնեն իրենց միջուկային զինանոցները, եթե չեն ուզում մեզ ոչնչացնել»։

Կոչը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 3-ին 11 առաջատար բժշկական ամսագրերի հրատարակիչների համատեղ հայտարարության մեջ, որոնց թվում են British Medical Journal-ը, The Lancet-ը և Journal of the American Medical Association-ը:

Դիմումի հեղինակները կոչ են արել ամբողջ աշխարհի բժիշկներին զգուշացնել քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին «հանրային առողջության համար միջուկային զենքի մեծ վտանգի մասին»։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք օգտագործման ռիսկերի աճի և Հյուսիսային Կորեայում շարունակվող հրթիռային փորձարկումների ֆոնին:

Բժշկական խմբագիրների համաշխարհային ասոցիացիան (WAME) խիստ ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ հայտարարության տակ ստորագրել են նույնիսկ այնպիսի ամսագրեր, որոնք տասնամյակներ շարունակ մրցակցել են միմյանց հետ բացառիկ կոնտենտ հրապարակելու առաջնորդության համար։«Սա ընդգծում է ներկայիս միջուկային ճգնաժամի ծայրահեղ լրջությունը»,- հայտարարել է WAME-ն:

Միջուկային պատերազմի աղետալի հետևանքները

«Ցար ռումբ» անվանումը ստացած ջերմամիջուկային ավիացիոն ռումբի փորձարկումը համարվում է Երկրագնդի վրա երբևէ տեղի ունեցած մարդածին ամենահզոր պայթյունը։ Խորհրդային ռումբի հզորությունը կազմել է մոտ 58 մեգատոննա տրոտիլային էկվիվալենտով, ինչը մոտ երեք հազար անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայի վրա նետված ամերիկյան ատոմային ռումբը (13 կիլոտոննա): «Ցար ռումբ» ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահզոր ջերմամիջուկային սարք, որն անցել է փորձարկում։

Հոդվածում նշվում է, որ հավանական պատերազմում եթե օգտագործվի այսօր աշխարհում գոյություն ունեցող 13000 միջուկային մարտագլխիկներից ընդամենը 250 հատը, ապա դա բավարար է, որպեսզի միանգամից մահանա 120 միլիոն մարդ։  Սակայն դրան հաջորդող հետևանքները կհանգեցնեն կլիմայի գլոբալ խաթարման և միջուկային սովի, որի պատճառով կմահանա ևս 2 միլիարդ մարդ։

Հոդվածը հրապարակվել է Վիեննայում 1970 թվականին ուժի մեջ մտած Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կատարման մոնիտորինգի նպատակով կոնֆերանս կազմակերպելու կոմիտեի նիստից առաջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում