Նորվեգիան ներառվել է Ռուսաստանի համար «ոչ բարեկամ» երկրների ցանկում

Նորվեգիան ներառվել է Ռուսաստանի համար «ոչ բարեկամ» երկրների ցանկում

Ռուսաստանն այսօր՝ օգոստոսի 3-ին, Նորվեգիան ներառել է արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ «ոչ բարեկամական գործողություններ» կատարող պետությունների ցանկում։

Որոշումը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։

Զեկույցում նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի հրամանագրի հիման վրա, որը ստորագրվել է արևմտյան երկրների կողմից ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումից հետո։ Այնուհետև ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ն ու Չեխիան։

2022 թվականի հուլիսին սև ցուցակում ներառված էին Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։ Այս երկրները սահմանափակել են Ռուսաստանի տարածքում գտնվող դեսպանատներում, հյուպատոսարաններում և ներկայացուցչական պետական ​​կառույցներում աշխատողներ վարձելու հնարավորությունը։

Ինչպես նշում է կառավարությունը, ցուցակում ներառված են ոչ միայն երկրների անունները, այլև Ռուսաստանի այն քաղաքացիների թիվը, որոնց հետ ոչ բարեկամ պետությունների ներկայացուցչությունները իրավունք ունեն աշխատանքային պայմանագրեր կնքել։ Նորվեգիայի համար սահմանաչափը 27 մարդ էր։ Նախարարների կաբինետը նախազգուշացրել է, որ ցանկը կարող է ընդլայնվել՝ «հաշվի առնելով օտարերկրյա պետությունների շարունակվող թշնամական գործողությունները»։

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Նորվեգիայի իշխանությունները արտաքսել էին ՌԴ դեսպանատան 15 աշխատակցի։ Օսլոն նրանց անվանել է հետախույզներ, որոնք «զբաղվում են իրենց դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ»: Մոսկվան այդ գործողություններն անվանել է «թշնամական քայլ» և տասը նորվեգացի դիվանագետների հայտարարել պերսոնա նոն գրատա։

Նկատենք, որ գարնանը Պուտինն ասել էր, թե ճշգրիտ չի համարում «ոչ բարեկամ երկրներ» արտահայտությունը։ ՌԴ-ի նախագահի խոսքով, «անբարյացակամ կառավարիչներ» արտահայտությունն ավելի տեղին է առկա իրողությունները արտացոլելու համար, քանի որ Ռուսաստանի համար անբարյացակամ ժողովուրդներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում