Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
Նմանատիպ
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։
Գործարանի տնօրինությունը գործակալության հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը ավելի վաղ հայտնել է, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
Մինչ այդ` հունիսի 20–ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Հրետակոծությունը չդադարեց նույնիսկ այն բանից հետո, երբ օտարերկրյա դեսպաններն այցելեցին այս հայ-ամերիկյան ձեռնարկություն և բարձրացրին ամերիկյան դրոշը։
Բայց դատելով Ադրբեջանի` Երասխի նկատմամբ չդադարող ագրեսիայից` ո՛չ ամերիկյան ներդրողների հայտարարությունը և ո՛չ էլ ամերիկյան դրոշի առկայությունը Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում