Ադրբեջանը բռնությամբ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. պետնախարար

Ադրբեջանը բռնությամբ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. պետնախարար

Մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն, այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին: Նման հայտարարություն է արել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը` անդրադառնալող Ադրբեջանի կեղծ մարդասիրությանը։

Նա ընդգծել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս ու այն ստորագրելիս, մասնակից կողմերը իրավացիորեն եկել էին այն եզրահանգման, որ Արցախի ժողովրդի գոյությունը, նրա անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ անվտանգ կապն ապահովելը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ անխոչընդոտ կապի առկայության պայմաններում, որի համար նախատեսվել է Լաչինի միջանցքը:

«Արցախի ժողովրդի կողմից հումանիտար օգնությունը ՀՀ-ից ստանալու և ՀՀ հետ կապ ունենալու պահանջը ոչ թե կամակոր ցանկություն է, այլ սեփական անվտանգության և պարզապես ինքնապահպանության գիտակցում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ»,- նշել է Ներսիսյանը:

Արցախի պետնախարարը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով:

Նա հիշեցրել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:

«Իսկ այսօր Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին»,- նշել է նա:

Նշենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի բանակցությունների ընթացքում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դա հերքել են Հայաստանի իշխանությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում