ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զորակոչի ընթացքում 64 բողոք է ստացել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զորակոչի ընթացքում 64 բողոք է ստացել

Ամառային զորակոչի ընթացքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը 64 գրավոր և բանավոր բողոք է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Բողոքները հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով և նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, ինչպես նաև այլ հարցերի:

«Գրավոր ընթացակարգով քննարկվել է 25 բողոք, 7-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 32 քաղաքացու հարցի լուծմանը պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զորակոչի ընթացքում աշխատանքային կարգով ամենօրյա կապ է պահպանվել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների հետ: Արդյունքում բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, նշանակվել կրկնակի փորձաքննություններ:

Պաշտպանը նաև ՊՆ կենտրոնական հավաքակայանում է հետևել զորակոչի գործընթացին։ Արձանագրված խնդիրները հասցեագրվել են իրավասու գերատեսչություններ: Մի շարք զորակոչիկներ կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, ոմանց տրամադրվել են տարկետումներ, առողջական վիճակի պատճառով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:

Նշենք, որ ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 26-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում