2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը
Նմանատիպ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. ՀՀ տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաև, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։
Ըստ ուսումնասիրությունների՝ 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր։ կլիներ։ Ավելին, վերարտահանումը էական նպաստում է ունեցել նաև տնտեսական աճին՝ ապահովելով 12.6% տնտեսական աճի շուրջ 2.6 տոկոսային կետը։
2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է արձանագրվել թե՛ արտահանման և թե՛ ներմուծման կառուցվածքում։ Արտահանման ծավալների զգալի աճ գրանցած ապրանքների մի մասի արտադրությունը Հայաստանում ընդհանրապես բացակայում է, իսկ որոշների արտադրության ծավալները էապես զիջում են դրանց արտահանման ծավալներին։
2022թ.-ի արտահանման կազմում զգալի մաս է կազմել վերարտահանումը։ Ընդ որում, վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2022թ.-ին վերարտահանումն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով։
Ընդ որում՝ 2022թ.-ին կտրուկ աճել է արտահանման առումով առաջատար առևտրային գործընկեր ՌԴ արտահանման տեսակարար կշիռը՝ ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում, ինչը, բնականաբար, հանգեցրել է արտահանման դիվերսիֆիկացիայի նվազման՝ ավելացնելով ՌԴ շուկայից հայաստանյան արտահանողների կախվածության ռիսկերը։ Դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը մեկ տարվա ընթացքում աճել է զգալիորեն՝ 17.1 տոկոսային կետով, 2022-ի արդյունքներով կազմելով 45.0% (դեպի ՌԴ արտահանման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 186.8%-ով կամ 1,570.3 մլն ԱՄՆ դոլարով)։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/osCX6 :
Հետևեք մեզ նաև Telegram-ում