Այվազովսկի․ մշտական ցուցադրության վերաբացում
Նմանատիպ
Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:
Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:
Ծագումով հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել, ապրել և ստեղծագործել է Ղրիմում։
Ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թվականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։
1890-ական թվականներին՝ հայկական կոտորածների ծանր օրերին, նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։
Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային դպրոցներին, նվիրել նկարներ։ Այվազովսկին փայփայել է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստին։
Նրա հայտնի կտավներից են՝ «Իններորդ ալիք», «Ծիածան», «Քաոս», «Նոյն իջնում է Արարատից», «Թուրքական նավի պայթյունը»։
1900 թվականի մայիսի 2-ի առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սկսեց մի նկար, որը հիմնված էր իրական պատմության վրա։ Հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսը Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավ էր պայթեցրել, ինչը տպավորել էր Այվազովսկուն։
Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին էր հասցրել նկարը։ Սակայն գիշերը հանճարեղ ծովանկարիչը հանկարծամահ է լինում։
Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում՝ 1900 թվականի մայիսի 2-ին՝ ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում