Ուկրաինայի հարցով Ջիդդայում անցկացված բանակցություններում համաձայնեցվել են երկու հարց
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ուկրաինայի հարցով բանակցողները խորհրդակցությունների առաջին օրվանից հետո երկու հարցի շուրջ համաձայնության են եկել։
Այս մասին իտալական պարբերական Corriere della Sera-ին հայտնել են իր աղբյուրները: Ըստ իտալական պարբերականի՝ բոլորը կարծում են, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է հիմնված լինի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի» և ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության սկզբունքի պահպանման վրա։
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ քննարկելու Կիևի առաջարկած ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս պլանը, ի թիվս այլ բաների, ենթադրում է 1991 թվականի սահմաններով Ուկրաինայի տարածքից բոլոր ռուսական զորքերի դուրսբերում, ինչպես նաև «արդարության վերականգնում»։
Ջիդդայում քննարկվում է նաև պետությունների ղեկավարների հանդիպման հնարավոր ժամկետները։ Ըստ թերթի աղբյուրների՝ նման գագաթնաժողով կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-6-ը Ջիդդայում Ուկրաինայի հարցով երկօրյա խորհրդակցություններ են անցկացվել։ Դրանցում ներգրավված են անվտանգության խորհրդականներ և ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ: Ռուսաստանը հանդիպմանը հրավիրված չէր։
Բրազիլիան, Ջիդդայում Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների ժամանակ, կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մասնակցել բանակցություններին։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները պետք է անցկացվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, հայտարարել է Բրազիլիայի նախագահի խորհրդական Սելսո Ամորիմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում