Էկվադորում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարվել․ սպանվել է նախագահի թեկնածուն
Նմանատիպ
Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն երկամսյա արտակարգ դրություն է հայտարարել նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո, հայտնում են իսպանալեզու լրատվամիջոցները։
«Զինված ուժերն այժմ մոբիլիզացված են ողջ երկրում՝ երաշխավորելու քաղաքացիների անվտանգությունը, երկրում խաղաղությունը և ազատ ժողովրդավարական ընտրությունները օգոստոսի 20-ին»,- ասել է Լասոն տեսաուղերձում։
Ավելի վաղ Լասսոն հաստատել էր Վիլյավիսենսիոյի սպանությունը և խոստացել, որ «հանցագործությունն անպատիժ չի մնա»։
Associated Press-ը նշել է, որ սպանությունից կարճ ժամանակ առաջ 59-ամյա Վիլյավիսենսիոն, ով կոռուպցիայի և մաֆիոզ հանցավոր խմբավորումների բացահայտ քննադատն էր, սպառնալիքներ էր ստացել իր հասցեին, մասնավորապես, մեքսիկական Sinaloa թմրակարտելի հետ կապված կազմակերպությունից:
Քաղաքական գործիչը գնդակահարվել է իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացրած հանրահավաքում։ Ելույթ ունենալով՝ նա հայտարարել էր, որ արմատախիլ է անելու կոռուպցիան և բանտ է ուղարկելու խմբավորումների անդամներին։
Վիլյավիսենսիոն Էկվադորի նախագահի ութ թեկնածուներից մեկն էր, նա չէր համարվում նախագահական մրցավազքի առաջատարը և ներկայացնում էր «Կառուցում ենք Էկվադորը» շարժումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում