Բայդենը Կոնգրեսից 21 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար

Բայդենը Կոնգրեսից 21 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել 40 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջե, որը ներառում է 13,1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Բացի Կիևին 13 միլիարդի պաշտպանական օգնությունից, 40 միլիարդ դոլարը ներառում է նաև 8 միլիարդ դոլար՝ մինչև տարվա վերջ Ուկրաինային հումանիտար աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև 12 միլիարդ դոլար ԱՄՆ-ում աղետների դեմ պայքարի դաշնային միջոցները համալրելու համար։ Գումարի մի մասն էլ կօգտագործվի Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանի ամրացման, այդ թվում՝ ֆենտանիլի հոսքը կրճատելու համար։

Վերջին անգամ Սպիտակ տունը նման խնդրանքով կոնգրեսականներին դիմել էր անցած տարվա նոյեմբերին. այն ժամանակ ԱՄՆ-ն ավելի քան 37 մլրդ դոլար էր հատկացրել Ուկրաինային աջակցության համար։

Ինչպես նշում է Associated Press-ը, անցյալ անգամ Սպիտակ տան խնդրանքը հեշտությամբ էր բավարարվել, սակայն այժմ «դինամիկան այլ է»։ Կոնգրեսում ստեղծվել է նոր քաղաքական իրադրություն. Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը «հսկայական ճնշման տակ է հայտնվել», որպեսզի աջակցություն ցուցաբերի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը քանիցս կասկածներ է հայտնել Ուկրաինային նման զգալի միջոցներ հատկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Վաշինգտոնը Կիևին կօգնի «այնքան ժամանակ, որքան պահանջվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում