«Յանդեքս»-ի հիմնադիրը դեմ է արտահայտվել Ուկրաինայի պատերազմին. արդյո՞ք դա կազդի ընկերության ճակատագրի վրա

«Յանդեքս»-ի հիմնադիրը դեմ է արտահայտվել Ուկրաինայի պատերազմին. արդյո՞ք դա կազդի ընկերության ճակատագրի վրա

«Յանդեքս»-ի հիմնադիր Արկադի Վոլոժը դեմ է արտահայտվել Ուկրաինայում մղվող պատերազմին։

«Ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի բարբարոսական ներխուժմանը Ուկրաինա, որտեղ ես, ինչպես շատերը, ունեմ ընկերներ և հարազատներ։ Ես սարսափում եմ, որ ամեն օր ռումբեր են նետվում ուկրաինական տների վրա»,- ասել է Վոլոժը BBC-ին տված հարցազրույցում։

Գործարարի խոսքով՝ չնայած 2014 թվականից ի վեր չի բնակվում Ռուսաստանում, ինքը հասկանում է, որ «երկրում կատարվող գործողությունների համար պատասխանատվության բաժին ունի»։

«Շատ պատճառներ կային, թե ինչու ես ստիպված էի լռել։ Դուք կարող եք վիճել իմ հայտարարության արդիականության, բայց ոչ դրա էության մասին։ Ես դեմ եմ պատերազմին»,- ընդգծել է Վոլոժը։

Ինչպես նշվում է գործարարի հայտարարության մեջ, վերջին մեկ տարվա ընթացքում նրան «շատ հարցեր են տվել, և հատկապես շատ հարցեր են հայտնվել այս շաբաթ»։

Իսկապես, ուկրաինական պատերազմի սկզբից Վոլոժին քննադատում էին ռուսական ներխուժման վերաբերյալ հստակ դիրքորոշում չցուցաբերելու համար։ Քննադատության նոր ալիքը հասավ նրան անցյալ շաբաթվա վերջին, երբ լրագրողները հայտնաբերեցին, որ իր անձնական կայքի կենսագրություն բաժնում Վոլոժն իրեն անվանել է «Ղազախստանում ծնված իսրայելցի ձեռնարկատեր»՝ չհիշատակելով Ռուսաստանը, որտեղ նա ապրում և բիզնես է անում։

Վոլոժի հիմնադրած Yandex-ի դեմ վաղուց են կշտամբանքներ հնչում, այդ թվում՝ Yandex.News ծառայության պատճառով։ Պատերազմի բռնկումից օրեր անց Yandex.News-ի նախկին ղեկավար Լև Գերշենզոնը հրապարակայնորեն մեղադրեց ընկերությանը ռուսներից ներխուժման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ և հորդորեց իր նախկին գործընկերներին հեռանալ:

«Այն, որ Ռուսաստանի բնակչության զգալի մասը կարող է հավատալ, որ պատերազմ չկա, այս պատերազմի հիմքն ու շարժիչ ուժն է։ Yandex-ն այսօր առանցքային տարր է պատերազմի մասին տեղեկատվությունը թաքցնելու համար: Նման «լուրի» ամեն օրն ու ժամը մարդկային կյանքեր են։ Եվ դուք, իմ նախկին գործընկերներ, նույնպես պատասխանատու եք դրա համար»,- գրել է Գերշենզոնը 2022 թվականի մարտի 1-ին։

Սակայն ընկերության ղեկավարությունն այն ժամանակ ականջալուր չեղավ այս կոչերին։ Անցյալ տարվա ապրիլի 18-ին Yandex-ը որոնման արդյունքներից հեռացրել է Meduza-ի, Mediazona-ի, Current Time-ի (ներառված են որպես օտարերկրյա գործակալներ հանդես եկող լրատվամիջոցների ռեեստրում), BBC-ի և տասնյակ այլ հրապարակումների հղումները, որոնց կայքերն արգելափակվել են պատերազմի սկզբից անմիջապես հետո։

Միաժամանակ Yandex-ը որոնման արդյունքներից հանել է Facebook և Instagram կայքերը (պատկանում է Meta-ին և արգելված է Ռուսաստանում)։

2023 թվականի հունվարին Yandex-ը կրկին հայտնվեց սկանդալի կենտրոնում այն ​​բանից հետո, երբ տեղեկատվական արտահոսքը բացահայտեց, որ ընկերության որոնողական համակարգը գրաքննում է պատկերներն ու տեսանյութերը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Z խորհրդանիշները չհայտնվեն իշխանությունների համար տհաճ համատեքստում։

Այժմ, Վոլոժ հայտարարությունից հետո, մնում է սպասել՝ արդյո՞ք այն կազդի ընկերության ճակատագրի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում