Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը Արցախում տիրող իրավիճակի մասին

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Twitter-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Ավելի վաղ Օկամպոն հրապարակել էր իր եզրակացությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը որակելով որպես Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն:

Նոր գրառման մեջ ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը և պատժել այն: Այդ երկրների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։

Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:

Օկամպոն փաստել է նաև, որ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան մանրամասնորեն սահմանում է ցեղասպանության հանցագործությունը, այդ թվում՝ որպես «որևէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»: Այսպիսով, նա պարզաբանել է, որ ցեղասպանություն կարելի է համարել ոչ միայն մարդկանց զանգվածային ոչնչացումը, այլև նրանց զանգվածային մահվան համար պայմանների ստեղծումը։

Նման պայմաններ, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, արդեն ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար` սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտություն ունեցող պաշարներ մատակարարելու միակ ազատ միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով:

Նրա խոսքով՝ դեռ հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձևերը, ինչպիսիք են զանգվածային սպանությունները կամ մարմնական և հոգեկան խեղումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում