Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է խաղաղության գործընթացի խաթարման մեջ
Նմանատիպ
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, մեղադրում է Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ ԱԽ-ին ներկայացրած դիմումի համար։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «ՀՀ-ի դիմումը ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ լուրջ հարված է հասցնում խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը հակասում է ՀՀ-ի գործողություններին»։
Հայտարարությունում նաև նշվում է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը լուրջ մարտահրավերների են բախվում Հայաստանի կողմից «լարվածության սրման» և «ռևանշիզմի» միտումնավոր քաղաքականության պատճառով։ «Չնայած 2022թ․ դեկտեմբերին իր առաջին անհաջողությանը՝ Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական ուղղվածություն ունեցող մանիպուլյատիվ արշավի գործիքի»։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է նաև, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»։ Իսկ հայտարարությունը եզրափակվել է հետևյալ մտքով. «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որպեսզի Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար ճգնաժամի խնդրով ԱԽ արտակարգ նիստ գումարվի։ Իսկ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ էր ուղղել ՄԱԿ ԱԽ նախագահին՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում