Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերվել է 20 կգ ժամկետանց մսամթերք, պանիր ու հյութ

Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերվել է 20 կգ ժամկետանց մսամթերք, պանիր ու հյութ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանում գործող «Արև» սուպերմարկետում հայտնաբերել են ժամկետանց արտադրատեսակներ ու ոչնչացրել դրանք։ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տեսչական մարմինն արագ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգին ու գնացել դրա հետքերով։

Ըստ ահազանգի` Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:

«Արագ արձագանքելով հաղորդագրությունը` ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ 2 հատ թեյ, մոտ 2 կգ բաստուրմա, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, 4 հատ էներգետիկ ըմպելիք և հյութ, մոտ 3,5 կգ պանիր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնից քաղաքացիներին հորդորում են պահանջատեր լինել և պիտանիության ժամկետի, սանիտարահիգիենիկ նորմերի, պատշաճ փաթեթավորման խախտումներ նկատելու դեպքում ահազանգել 118 թեժ գծով կամ գրել ՍԱՏՄ–ի սոցցանցային էջերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում