Միջազգային 5 ընկերություն, որ փորձում են աշխարհը դարձնել ավելի լավը

Միջազգային 5 ընկերություն, որ փորձում են աշխարհը դարձնել ավելի լավը

ՄԱԿ-ի անդամ 193 երկիր 2015թ․-ին ընդունել է Կայուն զարգացման նպատակները։ Այս նախաձեռնությունը, որը բաղկացած է 17 կետից, նպատակաուղղված է մարդկանց պահանջմունքների բավարարմանը, բայց այնպես, որ մարդիկ իրենց ներկա գործունեության ընթացքում չսպառնան ապագա սերունդներին և մոլորակին:

Մարդիկ, մոլորակ, բարգավաճում, խաղաղություն և գործընկերություն․ սրանք են ընդունված կետերով համաշխարհային հանրությանն ուղղված կոչի հիմքը՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրն ու կլիման, ինչպես նաև պատասխանատվություն դրսևորել մարդու գործունեությանը բոլոր ոլորտներում։

Կայուն զարգացման 17 նպատակները կարող եք տեսնել այստեղ։

Շատ կարևոր էր, որ  Կայուն զարգացման նպատակներն ընդունած երկրներում գործող բազմաթիվ ընկերություններ, յուրաքանչյուրն իր գործունեության ոլորտում, միացան Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու սկսեցին նպաստել առկա ռիսկերի զսպմանը և գործել մոլորակն ավելի բարեկեցիկ դարձնելուն։

Ձեզ ենք ներկայացնում 5 խոշոր ընկերություն, որոնք միացել են Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ծրագրին և նպաստում են տարբեր ոլորտներում դրանց իրականացմանը։

Ավանտ Միթս (Avant Meats): Այս ընկերությունն Ասիայում գործող ձկնաբուծական կազմակերպություն է, գործում է Սինգապուրում և Հոնկոնգում: Avant-ի մշակած տեխնոլոգիայի շնորհիվ աճեցվում է ձկան միս՝ առանց ձկներին «ոչնչացնելու»: Avant Meats-ի գաղափարախոսությունն այն է, որ հնարավոր է մարդկությանը մատուցել միս և սպիտակուց՝ առանց կենդանիներին ոչնչացնելու և առանց շրջակա միջավայրը վնասելու:

Թու գուդ թու գոու (Too Good To Go): Համաշխարհային ընկերություն է, որի նպատակն է ոգեշնչել բոլորին քայլեր ձեռնարկել ընդդեմ սննդի թափոնների: Ընկերությունն աշխատում է հանուն մոլորակի կլիմայի: Պարզ հավելվածի միջոցով Too Good To Go-ն իր գաղափարներին միացած խանութներին և առևտրային ցանցերին կապում է սպառողների հետ, ովքեր վճարում են չնչին գին և գալիս են խանութներ՝ վերցնելու այն սնունդը, որը չվերցնելու դեպքում դեն նետված կլիներ: Ընկերության երազանքն է հասնել նրան, որ մոլորակի վրա չլինեն սննդի թափոններ, կամ, լինելու դեպքում, դրանք լինեն սակավ և հեշտ կառավարելի:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (Philip Morris International): Համաշխարհային մեծության ընկերություն է, որը ՄԱԿ–ի Կայուն զարգացման նպատակների՝ միանգամից մի քանի կետերի շուրջ է աշխատում: Առաջնային նպատակներից մեկը ջանքերի գործադրումն է աշխարհում ծխելու կանխարգելման ուղղությամբ, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկի՝ «Ամուր առողջության և բարեկեցությանն» հասնելու կարևորագույն քայլերից է: 17 նպատակներից մյուսի՝ «Սովի վերացման» նպատակը ևս ընկերության ուշադրության կենտրոնում է: Ընկերությունը լրջորեն է մոտնենում կայուն գյուղատնտեսությունը խթանելու իր ստանձնած պատասխանատվությանը: Այստեղ ընկերությունը կենտրոնացած է պարենային անվտանգության կարիքների լուծման, մշակաբույսերի դիվերսիֆիկացման խթանման, ինչպես նաև փոքր ֆերմերների արտադրողականության և եկամուտների ավելացման ուղղությամբ: Աֆրիկայում ընկերությունը կենտրոնանում է նաև անձրևաջրերը պահպանելու և գյուղատնտեսության մեջ օգտագործելու ուղղությամբ: Ֆիլիպ Մորրիսը փոքր ֆերմերներին աջակցում է, որ նրանք ծխախոտաբույսին զուգահեռ աճեցնեն նաև պարենային մշակաբույսեր, ինչպիսիք են եգիպտացորենը, սոյան, գետնանուշը, ձավարեղենը, կարտոֆիլն ու բրինձը:

Մաջիք ուոթր (Majik Water): Խմելու ջրի հայթայթումը մարդկության ամբողջ պատմության ընթացքում առկա մարտահրավերներից է: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2025 թվականը 1,8 միլիարդ մարդ ջրի սակավություն կզգա: Majik Water-ը սոցիալական ձեռնարկություն է, որը մասնագիտացած է չափազանց կարևոր, բայց քիչ տարածված ոլորտում: Ընկերությունը չոր և կիսաչոր շրջաններում օդից խմելու ջուր է ստանում բառի ուղիղ իմաստով. Majik Water-ի մշակած համակարգն արևային տեխնոլոգիայի միջոցով օդից ջուր է վերցնում և այն վերածում խմելու ջրի: 2017 թվականից ի վեր Majik Water-ը ծրագրեր է իրականացրել Քենիայում, Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում՝ երաշտից տուժած շրջաններ ուղարկելով ամսական ավելի քան 20,000 լիտր խմելու ջուր:

Իդա սփորթս (Ida Sports): Այս ընկերությունը կարծրատիպեր կոտրելու նպատակ ունի: Աշխատում է մարդկության պատմության մեջ ամենաքննարկված թեմաներից մեկի՝ գենդերային հավասարության հասնելու, կանանց՝ սպորտում լայն հնարավորություններ ստեղծելու գաղափարախոսությամբ: Ida Sports-ը պատրաստում է կանանց համար նախատեսված սպորտային, հատկապես՝ ֆուտբոլային կոշիկներ: Ընկերությունն աշխատում է կանանց խաղակոշիկների ստեծման հսկայական բազայի ուղղությամբ, որպեսզի մարզուհիներն ունենան ընտրության այնքան լայն  հնարավորություն, որքան կարող են ունենալ տղամարդիկ: Այս ընկերության հիմնադիրները ստեղծել են նաև Equal Playing Field (EPF) (հավասար խաղադաշտ) շահույթ չհետապնդող նախաձեռնությունը, որը նպատակ ունի սպորտում մարտահրավեր նետել գենդերային անհավասարությանը և խթանել աղջիկների և կանանց սպորտի զարգացումն աշխարհում: Այն այժմ ներկայացուցչություն ունի 6 մայրցամաքի 32 երկրում:

ՄԱԿ–ի Կայուն զարգացման նպատակներին միացած ընկերությունների շարքը հասնում է հազարների: Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ձգտում է հասնել նրան, որ 2030 թվականին մարդկությունը լինի առավել բարվոք պայմաններում, առանց ջրի և սննդի պակասի, ինչպես նաև կլիմայական և բնության առավել լավ պայմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում