Փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի գլոբալ խաղացողների ծրագրերն են իրականացնում. Рыбарь
Նմանատիպ
Արցախում հումանիտար աղետը հասունացել ու աճել է այն աստիճանի, որ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա Արցախի հայությունը պետք է պատրաստ լինի նախորդ դարում տեղի ունեցած ցեղասպանության սցենարի կրկնությանը։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է «Рыбарь» ռազմական Telegram ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը։ «Որքան էլ տհաճ հնչի, բայց որպեսզի նման բան չկրկնվի, անհրաժեշտ է սեփական ձեռքերով փորձել որևէ բան փոխել», – նշել է նա
Ռազմական փորձագետի կարծիքով, ժամանակակից հայերի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բնակչության մեծ մասը սպասում է, թե երբ ինչ-որ մեկը կգա և կփրկի իրենց: «Սակայն խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը փրկի իրենց, քանի որ խեղդվողների փրկությունը կախված է անձամբ իրենցից՝ խեղդվողներից։ Առաջին հերթին հաճելի է օգնել նրան, ով հենց ինքն է ինչ-որ բան անում իր փրկության համար», – նշել է Զվինչուկը։
«Рыбарь»-ի ղեկավարը կարծում է, որ Արցախի հայությունը կարող էր ավելի ակտիվ բողոքել, գնալ հանրահավաքների ու կազմակերպել երթեր, փորձեր ինքնուրույն ճեղքել հումանիտար շրջապատումը, միաժամանակ ամբողջ ձայնով գոռալ, որ տեղի է ունենում հումանիտար աղետ։ «Այսօրվա ջանքերը բավարար չեն։ Առաջին հերթին այդ ջանքերը պետք է ուղղված լինեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում ապրող հասարակության համախմբմանը։ Մինչ օրս հայ ժողովրդի միասնական դիրքորոշումը հումանիտար աղետի վերաբերյալ հայտնի չէ», – նկատել է Զվինչուկը։
Նրա կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան և բոլոր այն երկրները, որոնք այժմ մասնակցում են Լաչինի միջանցքի շրջափակմանը, ոչ այլ ինչ են, քան մահակներ, փայտեր, որոնցով հարվածում են Հայաստանին և Ռուսաստանին: «Այդ երկրներն ինքնուրույն չեն գործում, այլ իրականացնում են ավելի խոշոր խաղացողների ծրագրերը ոչ միայն սթրեսի ենթարկելու Հայաստանի բնակչությանը և Անդրկովկասում ռուսական ազդեցությունը փաստացի ոչնչացնելու ուղղությամբ, այլև աշխարհաքաղաքական լարվածության նոր կետ ստեղծելու համար, որն ավելի կբարդացնի գործերը Ռուսաստանում, կստիպի Մոսկվային ավելի ակտիվ արձագանքել նոր մարտահրավերներին և շեղվել ռազմական գործողությունների այլ թատերաբեմերից», – ասել է «Ոսկանապատ»-ի զրուցակիցը։
Միխայիլ Զվինչուկի կարծիքով, այդ ծրագրերը վերաբերում են նաև Իրանին, քանի որ վերջինիս համար կստեղծվի լարվածության հերթական կետը, ինչին իրանական իշխանությունները ստիպված կլինեն արձագանքել։
«Իսկ ադրբեջանցիներն ու թուրքերն այս ամբողջ սխեմայում ընդամենն առանձնապես ոչ խելացի, ես կասեի նույնիսկ անուղեղ գործիք են, որոնցից իրենց նպատակին հասնելու համար օգտվում են անգլիացիները, իսրայելցիներն ու ամերիկացիները»։
Պատասխանելով «Ոսկանապատ»-ի հարցին, որը վերաբերում է Անդրկովկասում Ռուսաստանի դերին ու մասնավորապես այն գործողություններին, որոնք պետք է անի Մոսկվան՝ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, Միխայիլ Զվինչուկը նշել է․ «Մոսկվան բավարար քայլեր չի անում ռուսական աշխարհի և ռուս-հայկական միասնության գաղափարը հենց Հայաստանում նախագծելու ուղղությամբ։ Նայեք Ռուսաստանի հետ համագործակցության գծով ուսանողներին հատկացված քվոտային, ընդամենը 280 տեղ։ Նայեք, թե Երևանում ու այլ քաղաքներում ինչպիսի ռուսատյացներ են ղեկավարում ռուսական բուհերի մասնաճյուղերը։ Նայեք այն հումանիտար ՀԿ-ների իրական ջանքերին, որոնք պետք է առաջ տանեին ռուսական աշխարհի գաղափարները: Ցավոք, նրանք բոլորը կենտրոնացած են Արևմուտքի վրա և փաստացի ոչինչ չեն անում հայ ժողովրդի և ռուս ժողովրդի միջև կապը պահպանելու համար»։
Մինչդեռ «Рыбарь»-ի ղեկավարը կարծում է, որ հենց այդ կապի պահպանման և ամրապնդման վրա պետք է կենտրոնացվեն հիմնական ջանքերը։ «Որովհետև հայերը չեն ուզում հավասարվել Ռուսաստանին։ Նրանց ոչ ոք ցույց չի տալիս, թե ինչ է Ռուսաստանը։ Նրանք ուզում են հավասարվել Արևմուտքին, որովհետև սորոսական նախագծերը Հայաստանում ծաղկում են։ Ավելին, Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցման նախագիծն այնքան հաջողված է համարվել, որ այժմ այն կփորձեն տարածել ամբողջ Անդրկովկասում՝ ռուսական աշխարհի ազդեցությունը ոչնչացնելու համար», – նշել է Զվինչուկը։
«Միջոցներից մեկը, ի դեպ, կարող էր դառնալ կրոնական համագործակցությունը։ Պատկերացրեք, եթե Ռուս ուղղափառ եկեղեցու մեր հոգևորականները հանկարծ հայտարարեին հայ հավատացյալներին և եղբայրական ժողովրդին լայնածավալ աջակցության մասին և որոշեին ինչ-որ համատեղ խաչերթ անցկացնել, ասենք, դեպի օկուպացված Արցախ։ Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կխոչընդոտեի՞ն այդ քայլերին և սադրանքներ կձեռնարկեի՞ն։ Դժվար։ Հայաստանում շատ նախանձախնդիր են վերաբերվում հավատքի հարցերին, և եթե տեսնեին, որ ռուս հոգևորականներն իրենց աջակցում են, ապա դա կարող էր ունենալ եթե ոչ պայթած ռումբի, ապա տեղեկատվական նռնակի էֆեկտ։ Շատ բան է կարելի անել և նույինիսկ առանց պետության կամ բիզնեսի մասնակցության: Բավական է միայն ազատվել այն մարդկանցից, ովքեր բացահայտորեն վնասում են պետությանը, կառավարումը հանձնել գաղափարական ընկերներին, ովքեր կաշխատեն ի նպաստ ռուս-հայկական բարեկամության։ Գոնե այս երկու գործոններն արդեն բավարար են, եթե մենք չենք անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են քաղաքականն ու Հայաստանի հետ համագործակցության ռազմական ասպեկտը։ Բայց կրկնում եմ՝ կուզենայի, որ հայերը շատ ավելի ակտիվորեն պաշտպանեին իրենց ինքնորոշման իրավունքն ու ինքնությունը։ Որովհետև հիմա մենք, ցավոք, հիմնականում պոպուլիստական ճիչեր ենք լսում, որ ինչ-որ մեկը պետք է գա ու փրկի հայերին։ Գործնական քայլեր, ցավոք, չեն արվում։ Եվ եթե հայ հասարակությունը համախմբվեր, միանգամայն հնարավոր է, որ առկա խնդրների և աղետի մասշտաբները շատ ավելի քիչ լինեին», – նշել է Միխայիլ Զվինչուկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում