ՀՀ ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը
Նմանատիպ
ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ինչի արդյունքում ՀՀ զինծառայողներից մեկը վիրավորվել և առևանգվել է, բացարձակ սուտ է:
Պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Սույն տեսանյութով ևս մեկ անգամ հերքվում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը։
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն ինքնակամ լքել է մարտական դիրքը։
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածները և բոլոր հանգամանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում