ՀԱԿ-ը խրախուսում է նախագահական ընտրություններին միասնական ընդդիմադիր թեկնածուով հանդես գալու գաղափարը
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսը խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Կոնգրեսի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Ընդգծելով, որ իրենց համար ամենակարեւոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը եւ «ռեժիմից» ազատվելը, Զուրաբյանը շարունակեց. – «Ահա մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն’ մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ լինի մի մարդ, որն անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ։ Հասարակությունը թող դատի՝ ով կարող է լինել այդ մարդը»։
Իսկ թե առաջիկայում տվյալ հարցով քննարկումներ կամ բանակցություններ ընթանալու են արդյոք ընդդիմադիր կամ ոչ կոալիցիոն մյուս քաղաքական ուժերի հետ’ այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը ասաց. – «Դեռեւս որեւէ խոսակցություն դրա մասին չի եղել, նման բանակցություն այս պահին չկա, ոչ էլ նման բանակցություն պլանավորված է։ Բայց ես չեմ բացառում, որ քաղաքական զարգացումները կարող են բերել նման բանակցությունների»։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, թե Դաշնակցությունը հնարավոր է համարում, որ հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում