Շառլ Ազնավուր․ Քեզ համար, Հայաստա՛ն
Նմանատիպ
Շառլ Ազնավուր՝ ֆրանսահայ ականավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ։
Տաղանդաշատ երաժիշտ լինելուց բացի, նա տարիներ ի վեր ակտիվորեն մասնակցել է Հայաստանին ու Արցախին աջակցող համաշխարհային միջոցառումներին։ Ստեղծել է հիմնադրամ, գլխավորել է կազմակերպություններ, ամեն ջանք գործադրել է հայրենիքին օգնելու համար։
1988թ-ի Սպիտակի երկրաշարժը պարզապես աղետ էր հայ ժողովրդի համար։ Ֆրանսիայում գտնվող Ազնավուրը չկարողացավ անտարբեր մնալ։ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո գրել է «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը, հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։
«Քեզ համար, Հայաստան» երգը գրվել է ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով՝ աղետից մի քանի օր անց։ Խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը, երաժշտության հեղինակը՝ Ժորժ Կառվարենցը։
Առաջին անգամ կատարվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։
Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային ջանքերի խորհրդանիշը։
Ամբողջ հասույթը, որն Ազնավուրը վաստակել էր այդ երգից, ուղղվեց աղետից տուժածներին։
1991-1992 թվականների ձմռանը Արցախը և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտը շրջափակման մեջ էր ադրբեջանական զինուժի կողմից։ Քաղաքը թիրախավորվել և ռմբակոծվում էր։
1991 թվականին Ֆրանսիայում անց էին կացվում ցույցեր՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Շառլ Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը և նրա ամուսինը՝ Ժորժ Կառվարենցը, մասնակցել են Փարիզում տեղի ունեցած ցույցին։
Նրա մասնակցությունը ստիպեց միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել արցախյան հարցին։ Սակայն Ազնավուրը չբավարարվեց սրանով։ Արցախյան ազատամարտի օրերին Հայաստան ու Արցախ էր ուղարկում տարատեսակ օգնություն։ Անգամ լեգենդ էր տարածվել զինվորների շրջանում, թե Ազնավուրի ուղարկած զենքերն ավելի լավ են կրակում, իսկ դրանցով կռվելիս մեռնելն ամոթ է։
1995 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանը։ Ինչպես նաև, հանդես է եկել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ որպես ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2004թ․-ին Շառլ Ազնավուրին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։
Նրա կատարծ գործը թե՛ մշակութային, թե՛ հասարակական ասպարեզներում, անգնահատելի է։ Այսօր աշխարհը Հայաստանը ճանաչում է նաև Ազնավուրի շնորհիվ։
Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նրա կորուստը սգում էր ամբողջ աշխարհը, հատկապես՝ հայ ազգը։
Նրա ապրած կյանքի մի ճյուղը հնարավոր է կոչել հենց իր երգի բառերով՝ «Քեզ համար, Հայաստա՛ն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում