The Telegraph բրիտանական պարբերականի անդրադարձն Արցախին
Նմանատիպ
«Կարծես համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»։ Այսպես է սկսվում բրիտանական հայտնի The Telegraph պարբերականի լայնածավալ հոդվածը, որը վերաբերում է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Հոդվածի հեղինակ Ջեսի Ուիլյամսը զրուցել է Արցախի մի քանի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են տեղում ստեղծված ծանր իրավիճակը։
Ուիլյամսն անդրադառնում է Արցախյան առաջին պատերազմին և 2020 թ․-ի Արցախյան երկրորդ պատերազմին, մանրամասն ներկայացնում է այն խնդիրները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ ապրանքների պակասը, որոնց բախվել են Արցախի բնակիչները շրջափակման 8 ամիսների ընթացքում։
Պարբերականը նաև անդրադարձ է կատարում Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որում վերջինս նախազգուշացնում էր, որ Ադրբեջանը ԼՂ էթնիկ հայերի դեմ ցեղասպանություն է նախապատրաստում։
Հոդվածի հեղինակը նաև մեջբերում է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Բրոերսի խոսքերը, որը նշում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «մեծապես թուլացրել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գերիշխանությունը և Ադրբեջանին բավական հնարավորություններ է տվել՝ մարտահրավեր նետելու այդ գերիշխանությանը»։ Նման տեսակետ է հայտնել նաև Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութենը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Բրիտանիայի վարած քաղաքականությանը։ Ըստ հեղինակի՝ Բրիտանիան չի դատապարտում Ադրբեջանին՝ չնայած Հայաստանի հարցով խորհրդարանական խումբը նման հորդորով դիմել է երկրի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիին։ Վերջինիցս պատասխան չի ստացվել։
Հոդվածում նշվում է, որ Բրիտանիայի լռության պատճառը տնտեսությունն է․ Բրիտանիան Ադրբեջանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է։ Վերջին 30 տարվա ընթացքում British Petroleum ընկերությունը շուրջ 84 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանում։ Այդ է պատճառը, որ Բրիտանիան շարունակում է լռել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում