Արդյոք Եվրոպային սպասվում է էներգետիկ կոլապս
Նմանատիպ
Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն։
«Առաջինը, մենք բնականաբար ռուսների հետ բանակցություններին կողմ չենք, և դա միանգամայն ակնհայտ է, և երկրորդ՝ կարծում եմ, որ հաջորդ տարին ցուցիչ կլինի Եվրոպայի՝ ընդհանրապես առանց ռուսական գազի գործելու հնարավորության առումով։ Ես տեսնում եմ բոլոր նախադրյալները, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Գալուշչենկոն:
Միաժամանակ Գլուշչենկոն ասել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է խզել պայմանագիրը, քանի որ գործարքը կախված է ռուսական կողմից։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան կարող է կարևոր դեր խաղալ այս ձմռանը Եվրոպայում գազի շուկայի կայունության ապահովման գործում։ Եվրոպական ընկերությունները շարունակում են գազ պահեստավորել ուկրաինական գազային պահեստարաններում, և այդ միտումը, նրա կարծիքով, միայն կուժեղանա։
«Ուկրաինան ի վիճակի է երաշխավորել մատակարարումների անվտանգությունը Եվրոպայի համար, և դա կարևոր է»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ չնայած պատերազմին, ռուսական գազը շարունակում է Ուկրաինայի տարածքով տարանցվել Եվրոպա՝ 2019 թվականի վերջին կնքված ընթացիկ հնգամյա պայմանագրով։ Սակայն Ուկրաինայի կողմից գազի տարանցման պայմանագրի դադարեցումը կարող է եվրոպական երկրներում հանգեցնել էներգետիկ կոլապսի, եթե Եվրոպան գործուն քայլեր չձեռնարկի այլընտրանքային ուղիներ գտնելու համար։
Սակայն, այստեղ կարևոր է շեշտել, որ ռուսական գազը Եվրոպա արտահանվում է նաև Թուրքիայի միջոցով։ Թուրքիան իրականացնում է գազի ներմուծում մի քանի աղբյուրներից ու ներմուծվող գազի գրեթե կեսը ՌԴ-ից է։ Ավելին, քանի որ Եվրոպան ձգտում է ամեն կերպ թուլացնել կախվածությունը ՌԴ-ից, Եվրոպայի և ՌԴ-ի էներգետիկ տարանցումներում Թուրքիայի դերակատարությունը կարող է այդ կախվածությունը ավելի կառավարելի դարձնել։ Պատճառը Եվրոպայի ՝ Թուրքիայի վրա ունեցած ազդեցությունն է։
Իսկ ՌԴ-ի համար Թուրքիան ավելի վստահելի տարանցիկ ուղի է և Եվրոպային գազ մատակարարելու տեսանկյունից Թուրքիան ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։ Ռուս-ուկրաինական պատերազմի լույսի ներքո Թուրքիան, էներգետիկայի անվտանգության տեսանկյունից, բավականին մեծացրել է իր դերակատարությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։ Այսպիսով՝ Ուկրաինայի կողմից տարանցման պայմանագրի դադարեցումից հետո Թուրքիայի դերակատարությունը մի քանի անգամ կարող է բազմապատկվել, իսկ Եվրոպայում հնարավոր կոլապսի հավանականությունը՝ նվազել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում