Զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ ՔԿ-ն նոր տվյալներ է տարածել
Նմանատիպ
ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է հայտարարություն՝ ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանի ինքնասպանության վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի փաստական տվյալներ է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 11-ին N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը նույն օրն առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։
Միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում