Թուրքիան կոշտ նախազգուշացում է արել Ռուսաստանին
Նմանատիպ
Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին, որ նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերը անթույլատրելի են: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:
Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Սև ծովով դեպի Ուկրաինա առևտրային նավ էր անցել։ Կիրակի Ռուսաստանը հայտնել էր, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Շուքրու Օղան» առևտրային նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նավի նավապետը չի պատասխանել ստուգման համար կանգ առնելու պահանջին: Ռուսաստանը հայտնել է, որ նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ: Միջադեպը տեղի էր ունեցել թուրքական ափից 60կմ հեռավորության վրա: Մոսկվան տեղի ունեցածը անվանել է «զննում»՝ նախքան նավի՝ Ուկրաինայի ափեր մեկնելը։
«Նավը հարկադրաբար կանգնեցնելու համար նախազգուշական կրակ է բացվել ավտոմատ զենքերից»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հավելելեն, որ ռուս զինվորականները, ի վերջո, բարձրացել են նավ:
«Այն բանից հետո, երբ տեսչական խումբն ավարտել է իր աշխատանքը նավի վրա, «Շուքրու Օղան» նավը շարունակել է ճանապարհը դեպի Իզմայիլ նավահանգիստ»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ նավը թուրքական չէր, այլ ընդամենը պատկանում էր ազգությամբ թուրք անձի: Կարևոր է նշել, որ նման միջադեպեր սկսվել են Հացահատիկային գործարքի ավարտից հետո։
Հավելենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվել է երկարաձգել այն։ Սևծովյան հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է։
Իսկ արդեն հուլիսի 17-ին «հացահատիկային գործարքից» Մոսկվայի դուրս գալուց հետո ռուս զինվորականները հայտարարեցին, որ կարող են ռազմական թիրախ համարել Սև ծովով Ուկրաինա մեկնող ցանկացած նավ: